ՍՏԵՂԾԵԼՈՎ  ԻՐ  ՀՈԳԵՎՈՐ  ԿԱՑԱՐԱՆԸ

Արցախցի անվանի գրող, դերասան և լրագրող  Համլետ Մարտիրոսյանի /գրական ծածկանունը՝ Մարտիրոս Ոբնեցի/  ծննդյան 70-ամյակը վերջերս նշվեց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում։

Ստանալով բարձրագույն բանասիրական կրթություն՝ Մարտիրոսյանը նախ լուրջ հայտ է ներկայացրել բեմարվեստին: 1980 թվականին աշխատանքի է անցել   Զանգեզուրի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և գրական մասի վարիչ: Իսկ 1987թ․ տեղափոխվել է Արցախ և աշխատանքի անցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես թատերական ստուդիայի տնօրեն և դերասան: Նրան հաճախ է հոտնկայս ծափահարել թատերասեր հանրությունը: Բեմում մարմնավորած կերպարների միջոցով Համլետ Մարտիրոսյանը կարողացել է շահել հայ հանդիսատեսի սերն ու հարգանքը:

Բայց Արարիչը նրան միայն դերասանական շնորհքով չի օժտել: Արդեն 1990-ականների սկզբին նա գրականությանը լուրջ հայտ ներկայացրեց իր «Ապրում ենք, էլի» պատմվածքների ժողովածուով: Նույն այդ ժամանակահատվածում դրսևորվեց նաև Համլետ Մարտիրոսյանի լրագրողական շնորհքը։ 1995-ից նա Արցախի հեռուստատեսության հաստիքային աշխատող էր և հեղինակեց մի շարք հետաքրքիր հաղորդաշարեր՝ «Իրիկնաժամ», «Ասուպ», «Գրվածք», «Արվեստանոց», «Գիր», «Մի գավաթ սուրճ» և այլն, իսկ ամենատպավորիչը, որ աննախադեպ  ժողովրդականություն ապահովեց, Իխշան Փարավոնովիչի  կերպավորումն էր համանուն երգիծական հաղորդաշարում: Ցավոք, երգիծական հանրահայտ  մանրապատումներից քիչ բան է պահպանվել, արցախահայության հապճեպ բռնատեղահանման պատճառով հեղինակը չի կարողացել իր հեղինակած տեսանյութերի արխիվները տեղափոխել Երևան: Միակ հնարավորությունը թերևս մասնավոր արխիվներից այդ մանրապատումները հավաքելն ու ֆիլմաշարի տեսքով  ամբողջացնելն է։

Մարտիրոս Ոբնեցին անցյալ տարվա մայիսին Ստեփանակերտում հիմնադրված Արցախյան գրական միավորման նախագահն է: Կազմակերպության խորհուրդը նրան էր վստահել նախագահի դժվար պարտականությունը՝ հիմք ընդունելով վերջինիս սկզբունքայնությունն ու անաչառությունը, ինչպես նաև հանրային հեղինակությունը: Ցավոք, միավորումը չկարողացավ լիարյուն աշխատել, որովհետև Արցախը դաժան պաշարման մեջ էր՝ դրանից բխող ծանր հետևանքներով: Այդուհանդերձ, անգամ խուլ շրջափակման մեջ Գրողների արցախյան միավորումը կարողացավ իր անդամների թվից յոթ հոգու գրքերը մատենաշարի ձևով հրատարակել Երևանում: Անշուշտ, ծրագրեր շատ կային, որոնք իրականացնելու հնարավորություններ, հուսանք, դեռ կլինեն, այն էլ հայրենի Արցախում:

Մարտիրոսյանի հեղինակած որոշ հաղորդաշարեր, որոնք հեռարձակվել են Արցախի հանրային հեռուստատեսությամբ, արվեստի մասին յուրօրինակ դասախոսություններ էին: Նա հրաշալի գիտե համաշխարհային  արվեստի պատմությունը, նույնիսկ գիրք է հրատարակել կերպարվեստի աշխարհահռչակ ներկայացուցիչների մասին: Մոտիկից շփվելով արցախցի նկարիչների  ու քանդակագործների հետ՝ Մարտիրոսյանը կարողացել է արժանվույնս ներկայացնել նրանց ստեղծագործությունները:

Հոբելյանական ցերեկույթին գրչընկերոջ մասին շնորհավորանքի խոսքով  հանդես եկան արցախցի գրողներ Կիմ Գաբրիելյանը, Հրանտ Ալեքսանյանը, Դավիթ Միքայելյանը, Զինաիդա Բալայանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Ոբնեցու ստեղծագործությունները բեմից ներկայացրին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Եվրիյանն ու Ռուզան Գասպարյանը, գրողի դուստր Նարե Մարտիրոսյանը։

Ստեղծագործող անձի համար տարիքը ոչ այլ ինչ է, քան իմաստնության նոր աստիճանահարթակ: Եվ արդյո՞ք իմաստնանալու համար կա տարիքային որևէ սահման: Դա կարող է ասել նա, ով հասել է կենսաճանաչողության ընդարձակ մի տարածքի,  որտեղ կարողացել է ապահովել իր հոգևոր կացարանը՝ ներկայի ու ապագայի հասցեով:

Համոզված ենք, Համլետ Մարտիրոսյանը, նույն ինքը՝  Մարտիրոս Ոբնեցին,  ստեղծել է և ունի իր հոգևոր կացարանը հայ մշակութային անդաստանում: Վստահանանք, որ այդ կացարանն աստիճանաբար տեսանելի կդառնա ավելի մեծ սահմաններում:

Զոհրաբ  ԸՌՔՈՅԱՆ

Լուսանկարները՝  հեղինակի