ՈՂԲԱՆՔ  ՆԱՀԱՏԱԿԱՑ  ԵՎ  ԿՈՉԵՆՔ  ԱՊՐՈՂԱՑ

Հրանտ Դինքը ժամանակին ասում էր, որ եթե թուրքերը հայերին ոսկե օդանավերով տեղահանեին, միևնույն է, դարձյալ դա կհամարվեր ցեղասպանություն։

Ազգերը, որոնք ցեղասպանության են ենթարկվել, մարդկության դեմ գործած ոճրագործության մասին այլ պատկերացում ունեն, քան երբևէ ջարդ չտեսած ազգերը։ Դա բնական է, որովհետև ցեղասպանությունը համազգային ողբերգություն է, որի պարտադրած ցավը սերնդեսերունդ չի անցնում։ Արցախցիներն էլ, որպես հայ ժողովրդի պատմական տարածքի մի հատվածում բնակվող հանրություն, միշտ իրենց մեջ արթուն են պահել եղեռնացավը։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները վերստին հաստատեցին հրանտդինքյան ճշմարտությունն առ այն, որ հայրենի բնօրրանից ժողովրդին կտրելը, անկախ նրանից, թե ինչ մեթոդներով է դա իրականացվել, նույն ցեղասպանությունն է։

Բռնատեղահանումից ընդամենն օրեր առաջ,  ՌԴ նախագահ Պուտինը հրապարակավ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում նախապատրաստվող էթնիկ զտումների մասին ահազանգը, հույս է հայտնել, որ այդ գործընթացը փափուկ կընթանա, որպիսին իրեն խոստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվ եթե հետայդու արցախահայերի ֆիզիկական զանգվածային բնաջնջում չի իրականացվել, և ռուսներն ու ազերիները ոսկե օդանավերով չեն տեղահանել արցախահայությանը, բնավ չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն չի կատարվել այն հատկանիշներով, որոնք սահմանված են ՄԱԿ-ի 1945 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունած կոնվենցիայով։  

Փաստերը ինչպես ասում են, անողոք են, և հավատանք, որ դրանց պատշաճ գնահատական կտրվի՝ այս անգամ ոչ թե նեմեսիսյան թրով, այլ միջազգային արդարադատության խստությամբ։  Դա ժամանակի խնդիր է, իսկ ստույգ դեպքում մեզ մտահոգողը ոչ պակաս կարևորության հարցն է՝ ինչո՞ւ  է նույն ազգը հարյուր տարի անց վերստին ենթարկվում ցեղասպանության։ Պատմության դա՞սն էր անհամոզիչ, թե՞ ունակ չենք պատմությունից ճիշտ դասեր քաղելու։ Եթե պատմությունը բավարար կռվաններ չունի, ուրեմն այն թերի է ու հարկավոր է ճշմարտության զնդանում ավելի կոփել այդ կռվանները։ Իսկ եթե ճիշտ դասեր չենք կարողանում քաղել, անհրաժեշտ է ուժեղացնել ազգային գաղափարախոսությունը։ Ամեն ազգ ունենում է այն արժեքները, որոնց շուրջ հյուսվում է իր գաղափարաբանությունը։ Հնարավոր է, մենք մոռացել կամ թերագնահատել ենք մեր իրական արժեքները, և պետք չէ ներկա դեպքում մեղքն ուրիշների վրա բարդել։ Բնության մեջ ոչ ոք և ոչինչ թույլ չի ծնվում, այդպիսին դառնում են ստույգ իրավիճակում։ Թող ներվի, սակայն մատաղացու խոյն անգամ հարկ եղած դեպքում խոյահարել գիտե։

Արդյո՞ք սա մեր վերջին ցեղասպանությունն էր, թե՞ պատմության մի որոշակի փուլում դարձյալ համազգային ցնցումներ կապրենք․ ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք  մեր ապագայի տատմերն ու ավա՜ղ նաև գերեզմանափորը կարող ենք դառնալ։ Մենք՝ բոլորս միասին։

Ուրեմն, կրկին ողբանք նահատակաց և կոչենք ապրողաց․․․

                                                                                ՚ ԼՈՒՍԱՐԱՐՙ