Որքան էլ բռնատեղահանվածներիս մոտ անկումային տրամադրությունները գերիշխեին, Թբիլիսի եռօրյա զբոսաշրջության մեկնելու պատեհ առիթը բաց թողնել չէր կարելի: Կոնկրետ տողերիս հեղինակի համար այդպես էր, քանի որ մեծ էր ցանկությունը այցի գնալ Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին: Հովհաննես Թումանյանը միշտ մեզ հետ է, մեզ ուղեկցում է կյանքի բոլոր ոլորաններում և իրավիճակներում: Նրա պարզ, միևնույն ժամանակ խորախորհուրդ, հոգին սնուցող խոսքի ուժի պահանջը զգում ենք ամեն պահի, այսօր՝ առավել շատ:
Թումանյանի գերեզմանը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական պանթեոնում, որը հայտնի է Խոջիվանք անունով:
Ո՞վ էր Խոջին, որի անունով այստեղ գերեզմանատուն է կառուցվել: Պատմությունն այսպիսին է: 1600-ական թթ. վրացական արքունիքում Աշխարհբեկ Բեյբութով անունով մի գանձապահ կար, որին լավ ծառայության համար արքան թույլ է տվել գնել հողակտոր և կառուցել այնտեղ եկեղեցի: Եվ նա կառուցում է սուրբ Մարիամ Աստվածածին տաճարը, որտեղ նաև տոհմական գերեզմանատուն է ստեղծում, որը հետագայում դառնում է ամենամեծ քրիստոնեական գերեզմանատունը: Խոջի անունը, որը նշանակում է մեծ, հզոր, նա ստացել է արքայի կողմից: Եկեղեցին այդ օրվանից ժողովրդի կողմից կոչվում է Խոջիվանք:
Խորհրդային տարիներին թիրախավորվեցին բոլոր եկեղեցիները. դրանք պայթեցվում և ավերում էին: Նույն բախտին արժանացավ նաև սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: ,,Պլանի տակ,, էր ընկել ամբողջ տարածքը: ԽՍՀՄ պետական անվտանգության գլխավոր հանձնակատար Լավրենտի Բերիան որոշել էր, որ պետք է այդտեղ կառուցվի Բարեկամության այգի: Եվ առաջին անգամ (տարածքը երկու անգամ է քանդվել. 2-րդ անգամ՝՝ Սամեբայի՝ Սուրբ երրորդութուն եկեղեցու կառուցման ժամանակ) քանդվում է ամբողջ եկեղեցին ու գերեզմանատունը, որտեղ թաղված էին Թումանյանը և մյուս մեծերը: Նրանց աճյունները տեղափոխվեցին ներկայիս տարածք: Թումանյանից սկսվեց գերեզմանների տեղափոխումը: Անվանի գեղաՆկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, որը մի փոքր շուտ էր իմացել գերեզմանատան քանդվելու ծրագրի մասին, Թումանյանի կնոջը՝ Օլգային, առաջարկում է նրա աճյունը տեղափոխել Երևան: Օլգան հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ դա ճիշտ չի լինի, քանի որ այնտեղ միայն իր ամուսինը չէ, ամփոփվա,ծ, այլև մեր մյուս մեծերը. կամ բոլորին պիտի տեղափոխեն կամ՝ ոչ մեկին: Հետաքրքրվում և տեսնում են, որ Րաֆֆու մահարձանի կողքը և ընդհանրապես այդ տարածքն ամբողջությամբ ազատ է: Սկզբում տեղափոխում են Թումանյանի աճյունը: Րաֆֆու մահարձանի աջ կողքին Թումանյանի գերեզմանն է, ձախ կողքին՝՝ Սունդուկյանի: Այնուհետև տեղափոխում են մյուսների աճյունները: Շատ տապաններ կան, որոնց տակ ուղղակի հող է, մասունք չկա: 1962թ. ընդարձակ Խոջիվանքի գերեզմանատան տարածքից հավաքված 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց «Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնը»:
Գերեզմանոցը եղել է հայ համայնքի հովանավորության ներքո, հետո՝ եկեղեցու: Այսօր նաև դեսպանությունն է տիրություն անում, բայց առհասարակ այն գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության ներքո:
1995թ. նախկին Խոջիվանքի տարածքում սկսվեց Սամեբայի շինարարությունը: Ականատեսների վկայությամբ,՝ այդտեղից հողի փորման ժամանակ դեռ ոսկորներ էին դուրս գալիս: Ասում են՝ տաճարի խաչի տեղադրման ժամանակ 6 հոգի ընկել և մահացել են: Գուցե Աստծո պատիժն էր: Տաճարը, որը Անդկովկասի ամենամեծ քրիստոնեական կառույցն է (ունի 101 մ բարձրություն, այդքան էլ՝ գետնի տակ), գործում է, բայց նրա շուրջը դեռ 6 եկեղեցի էլ պետք է կառուցվեն: Աստված չանի, որ հայ մեծերի պանթեոնը նորից ,,պլանի տակ,, ընկնի:
Մեր մեծերի շիրիմներին ծաղիկներ խոնարհելիս ակամայից նրանց խոսքերն էին միտքս գալիս. «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած,,(Թումանյան):
,, Մենք հայ ենք, Աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել,, (Րաֆֆի):
Դժբախտաբար նույնը շարունակվում է: Մինչև ե՞րբ …
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ