Պատում Գ
Բացվել էր կյանքի ճանապարհը, բացվել էր` ոչ թե ուրախություն պարգևելու, այլ միայն մեր ցավն ու կսկիծը բազմապատկելու համար:
Հազարամյակների պատմություն ունեցող բնիկ իմ ժողովուրդը թողնում էր հողը հայրենական ու դառնում վտարանդի: Ո՞վ էր մեղավոր…
Այդ պահին այս հարցը կոնկրետ պատասխան չուներ, միայն համոզված էինք, որ Արցախին մենակ թողեցին, մայր հայրենիքը ոչինչ չարեց` կանխելու այդ արհավիրքը, աշխարհի հայությունը արժանվույնս ոտքի չկանգնեց ու հանդուրժեց ազգակործան դավաճաններին: Միայնակ ու անտեր Արցախը ի՞նչ կարող էր անել, եթե անգամ տեղովը մեկ կրակ դառնար: Յոթգլխանի վիշապը արթնացել ու հոշոտում էր բազմաչարչար իմ ժողովրդին, ու աշխարհը լռում էր, լռում էր հայության անգործությունից: Իսկ թշնամին իր նավթադոլարներով փակում էր աշխարհի բերանը ու արդարացնում իր բարբարոսությունները:
Գաղթում էր արցախահայությունը` մահվան սարսափն աչքերում, անհուն ցավը իր հոգում, ուշքը միշտ իր օջախին, հարազատ լեռներին ու ձորերին, իր սուրբ գերեզմաններին, հազարամյակների պատմությանը ու չքնաղ բնաշխարհին:
Խռոված խուլ ու համր աշխարհից` գաղթում էր արցախահայությունը, փախչում էր ինքն իրենից, իր ինքնությունից, ու կարոտը խեղդում էր նրան:
Կյանքի ճանապարհը քաշում-տանում, կուլ էր տալիս բոլորին ոչ թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը լքած մարդկանց հոգեբանությամբ, որոնք հավատում էին, որ վերադարձն անխուսափելի էր լինելու, այլ լիովին հուսահատ ու հուսախաբ, վհատ մարդկանց անվերջանալի քարավաններով, որոնք վերադարձի ու կյանքը շարունակելու տեսլական այլևս չունեին:
Գաղթականների մեքենաների հոսքն անվերջ ձգվում, ձգվում էր… Մի ծայրը Հայաստանում էր, մյուսը` Ստեփանակերտի նորակառույց Սբ. Աստվածամոր Հովանու մայր տաճարի մոտ, քաղաքի հրապարակում, <<Պոստ ԳԱԻ>>-ի տակ:
Մետաքսագործների փողոցը գիշեր-ցերեկ դատարկվում էր /մենք այդտեղ էինք ապրում/. առավոտները վեր էինք կենում, տեսնում` հարևանները չկան: Գիշերները բեռնվում էին մեքենաները, մինչև լույսը բացվելը` անհետանում: Ինչքան պակասում էին բնակիչները, այնքան խուճապն ավելանում էր, սարսափը` մեծանում: Հարևաններից մեկի որդին, որ այդ պատերազմի ժամանակ շրջափակման մեջ էր հայտնվել, օրերով կապի չէր դուրս գալիս ծնողների հետ: Նրա մայրը ամբողջ օրը խենթի պես փողոցի մի ծայրից մյուսն էր գնում` որդու մասին մի տեղեկություն իմանալու, բայց առաջին օրերին չէր հաջողվում: Մի քանի օր անց լուր է ստանում որդուց, որ ողջ և առողջ է ու շուտով տուն կվերադառնա: Ուրախությունից մայրը թռչկոտում էր ու սպասում որդուն, իսկ այդ ընթացքում փողոցը ժամ առ ժամ դատարկվում էր: Հենց որ մթնում էր, սկսում էինք հաշվել այն լուսամուտները, որտեղ որ լույս էր վառվում: Ամեն անգամ հաշվելիս այդ թիվը խիստ պակասում էր…
Քաղաքում այլևս ստեփանակերտցիների դժվար էր հանդիպել. շրջաններից եկածներն օրերով թափառում էին փողոցներում, տնից տուն շրջում` ուտելիք ու վառելիք հայթայթելու համար: Սնունդ բացարձակապես չկար, մարդիկ մի կերպ էին գոյատևում, իսկ վառելիքի հարցը մնում էր հրատապ:
Մի օր էլ` ժամը 10-11-ը, կրակահերթեր ու կանացի ուժեղ գոռոցներ լսեցինք: Դուրս եկանք պատշգամբ, տեսանք` այն նույն կինն է, որ օրերով որդուն էր սպասում: Փողոցով մեկ գոռում էր.
-Ա’յ ժողովուրդ, դուրս եկեք, թուրքերը եկել-հասել են գերեզմանոց, ու՞ր են տղամարդիկ…
Տղամարդ որտեղի՞ց, կամ եթե լինեին էլ, ինչո՞վ դուրս գային թշնամու դեմ: Զենք չկար, բանակը զենքը հանձնել էր: Անընդհատ իրար էին հաջորդում խուճապային իրավիճակները: Իսկ մենք դեռ սպասում էինք, որ ճանապարհը մի քիչ թեթևանա: Տան ամեն մի իր ավելորդ բեռ էր դառնում մեզ համար, պարզապես ուզում էինք փախչել այդ իրականությունից ու փրկվել. այս միտքն էր միայն պտտվում մեր ուղեղում, մանավանդ որ մեր հարազատներն էլ անընդհատ զանգում ու անհանգստանում էին մեզ համար: Կարծես մահվան հրեշտակը կրնկակոխ հետապնդում էր մեզ:
Կյանքի ճանապարհը շարունակում էր անհագորեն կլանել արցախահայությանը` զրկելով իր բնօրրանից: Հայրենի հողը ասես սգում էր իր զավակների բացակայությունից ու մռնչում անհուն ցավից: Ախր ո՞նց թողնես այս չքնաղ երկիրը, որ ի բնե օրհնված էր Աստծու կողմից:
Ի՞նչ էինք տանելու մեզ հետ այս երկրից, որ օտարության մեջ կարոտը չխեղդի մեզ: Ամեն ինչ կորցրել էր իմաստը: Նայում էինք սենյակի ծաղիկներին, որ բողբոջել ու սպասում էին կյանքի զարթոնքին և մտորում, որ այդ գեղեցկությունը փրկել է պետք. դրանք մեզ հետ կտանենք /իհարկե, ոչ բոլորը/, որովհետև թաղարի հարազատ հողը ուժ կտար նրանց` ապրելու համար, քանզի դա Արցախի հողն էր: Այս միտքն էր շոյում անզգայությունից բթացած մեր ուղեղները: Հայրենի հողից մի բուռ էինք տանելու օտարություն:
Հետո` օրեր անց, Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավար ու լրագրող Ծովինար Բարխուդարյանը ՀՀ 5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ հուզումնալից խոսքերով պիտի ընդգծեր հենց այս հանգամանքը, որ բոլորիս հոգու հավատամքն է ու ապրելու երաշխիքը. <<Մենք դարձանք մեր հողերը փոքրիկ տոպրակներում տանող ժողովուրդ… Ես չգիտեմ` աշխարհում կա՞ էլի մի ազգ, որ սեփական հողը սուվենիր է դարձնում…>>: <<Ափ մը մոխիր հայրենի ավերակներուն…>>. հիշեցի մեծ բանաստեղծի այս խոսքերը, ու սիրտս ցավից կծկվեց: Ափ մը մոխիր…
Հանգստարանի թաղում դեռ շարունակում էինք <<վայելել>> մահվան ներկայությունը, սակայն չէինք լքում քաղաքը, սպասում էինք…
Մեր առաջին հարկի հարևաններն էլ մեկնեցին` տան դուռը թողնելով բաց, ողջ ամառը ձմռան համար ամբարած պահածոներն ու մուրաբաները թողած: Լավ էր, որ նրանց տանը մի քիչ ալյուր, կարտոֆիլ կար: Հաց էինք թխում, գոյություն պահում: Իսկ փրկված հարազատների զանգերը չէին դադարում, շտապ հեռանալու կոչ էին անում, որովհետև հնարավոր էին համարում ճանապարհի փակվելը:
Ի վերջո, սարսռեցնող մի զանգ ենք ստանում, որ թշնամին բնակավայրերն է մտնում ու մարդկանց մորթում… Այլևս համբերելու հնար չկար: Մեքենան ենք բարձում որոշ իրեր` իհարկե, չմոռանալով ծաղիկները, աղավնիների վանդակը /որդիս ընտրել էր իր աղավնիներից ընդամենը մեկ տասնյակը/, որոշ լուսանկարներ անում բակից ու պատշգամբից` որպես հիշատակ, գիշերվա չարքերի պես լքում բնակարանը, հարազատներով հավաքվում ու կեսգիշերն անց բռնում <<կյանքի ճանապարհը>>, ավելի շուտ` դժոխքի ճանապարհը` անորոշ հեռուն` լի բազում փորձություններով ու նյարդեր բորբոքող տհաճ անակնկալներով: Զարմանալիորեն ազատ էր ճանապարհը քաղաքի տարածքով. խցանումներ չկային: Անարգել հասնում ենք Մազի կամրջին. աջ կողմում մեքենաների շարասյուն էր` մի շարքով, որ կանգնած էր վառելիքի բացակայության պատճառով: Հասնում ու արագ անցնում ենք կամուրջը: Առջևում` վերևում, Շուշին էր` թուրքերով ու սարսափով լի: Երկու-երեք կիլոմետր առաջ ենք շարժվում ու տեղ զբաղեցնում խցանված մեքենաների շարքում: Այդ պահին միայն կարևոր էր հայտնվել բոլորի մոտ /ընկերովի մահը հարսանիք է, զուր չէ ասված/: Միանում ենք քարավանին, որ կանգ էր առել ով իմանա որքան ժամանակով: Խաղաղապահներն ու թուրքերն էին տնօրինում մեր ճակատագիրը: Մեքենաների շարժը նման էր կրիայի քայլերի. մի քանի մետր առաջ էինք գնում ու կանգնում: Շուշիի ոլորաններում արդեն փչացած ու կանգնած մեքենաներ էին հայտնվում: Ո՞ւր էին տերերը` չէինք հասկանում. ընդունակ չէինք:
Մութն ագահաբար կլանում էր մեզ: Ժամերով կանգնած ենք մնում, չէինք համարձակվում մեքենայից դուրս գալ. այն զգացողությունն ունեինք, որ ոսոխը կրնկակոխ հետևում է մեզ և ուր որ է թիկունքից հարվածելու է…
Մարդիկ աչքերը բաց անցնում էին 21-րդ դարում իրականացվող տեղահանման ու հայրենազրկման քավարանով: Եվրոպայի աչքերը մշուշով են պատված. ոչինչ չի տեսնում:
Արշալույսը աստիճանաբար բացում էր ճպռոտած աչքերը, ու մենք քայլ առ քայլ հեռանում էինք թշնամու որջից` Շուշիից` փոքր-ինչ խաղաղվելով:
Ճանապարհի աջ ու ձախ կողմերում մեքենաներ էին կանգնած. մի տեղ մեծահասակ մարդ էր վատացել, մի տեղ երեխա էր լալիս ու իրենց տունն էր ուզում, մի ուրիշ տեղ մարդիկ կրակ էին վառել ու հաց էին թխում ընտանիքի անդամների համար, մեկն էլ ինքնաեռն էր վառել, որ թեյ խմեն, տաքանան: Ճանապարհի երկու եզրերին լրիվ հակասանիտարական վիճակ էր. թափված անձեռոցիկ ու պլաստիկե տոպրակներ, շշեր, սննդի մնացորդներ… Մեր հրաշագեղ բնությունը աղբանոցի էր վերածվել: Նայում ես մարդկանց` ոչինչ չարտահայտող դեմքին ու հասկանում, որ այդ պահին նրանց միմիայն մի բան է հուզում` կենդանի փրկվել այս գեհենից:
Մեկ ժամվա տևողություն ունեցող այդ ճանապարհը երկարում, երկարում էր ու վերջ չուներ: Տառապալից ժամերն ու օրերը թվում էին անվերջանալի: Լսում էինք մարդկանց մահվան, մանուկների լույս աշխարհ գալու մասին. շտապօգնության մեքենաներն անընդհատ վերուվար էին անում` իրենց ազդանշանային ձայնով տակնուվրա անելով մեր հոգիները: Այդ խցանումների մեջ մեքենաներ էին իրար հարվածում ու խանգարում ընթացքը… Մենք անզգայացել էինք ու ոչինչ չէինք ընկալում:
Ո՞վ դարձրեց իմ դրախտ երկիրը ահավոր գեհեն: Ո՞վ է պատասխան տալու այս չարագործությունների համար: Ե՞րբ է ոտքի կանգնելու այն միասնական սերունդը` անցյալ դարի 80-ականների գաղափարներով, որ արմատախիլ անի այս չարիքը մեր երկրից, որ մի նոր ուժով բորբոքի հայրենական սերը ու խաղաղ օրեր պարգևի մեր ժողովրդին:
Այդ ե՞րբ է գալու:
Իսկ այդ ընթացքում <<կյանքի ճանապարհով>> շարունակվում էին մեր անլուր տառապանքները: Իսկական դժոխքը դեռ առջևում էր…
Հակարի բառը լսելիս սարսռում էր մարմինս. մենք առաջ էինք գնում, իսկ նա` հետ. գուցե նրա համա՞ր, որ ավելի երկար տևեին մեր տանջանքները:
Ե՞րբ ենք արդյոք հատելու այդ դժոխքը…
/շարունակելի/
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ