Հովհ. Թումանյան – 155
Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի՜նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. Տիչինա
Ամեն անգամ հանճարեղ Լոռեցուն առնչվելիս կամա-ակամա խորասուզվում ես նրա զարմանահրաշ աշխարհը, ուր միայն մանկան պարզություն ու անկեղծություն կա, սեր ու խինդ կա, հոգու խաղաղություն: Նրա աշխարհում խոր ցավն անգամ կարողանում ես «հեշտ մարսել»: Ինչ կախարդական ձգողականություն կա ամբարված նրա երկերում, որ այդպես կլանում է մեզ:
Թումանյանի ստեղծագործությունը լի է անսահման մարդասիրությամբ, մանկական միամտությամբ, հայրենի բնաշխարհին ձուլվելու բուռն ցանկությամբ, սիրով ու կարոտով, երկնային մանանայով: Այդ իմաստուն այրը գեղջկական մաքրությամբ ու պարզ փիլիսոփայությամբ աշխարհին է մատուցել մի ողջ ժողովրդի խինդն ու ծիծաղը, կախարդիչ բնաշխարհը, այդ աշխարհում ապրող մարդու հոգեբանությունը, մեծ ցավն ու վիշտը: Նրա խորաթափանց հոգին կարողացել է ներխուժել իր ժողովրդի հոգեբանության բոլոր շերտերը, պեղել ու դրանց համամարդկային հնչեղություն հաղորդել:
Հոգիս` տանը հաստատվել-
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
Թումանյանն անկրկնելի է իր տեսակի մեջ: Ամեն մարդ ունի իր Թումանյանը, թումանյանական իր ընկալումը, ու երբեք էլ ոչ մի միջոցառում մյուսի կրկնությունը չի դառնում, քանզի դրանք հեղինակի պես ինքնատիպ են:
Օրերս նման մի բացահայտում էր արել Արցախից բռնի տեղահանված մանկավարժ, ԱՀ ԿԳՄՍ նախկին դպրոցական տեսուչ Աննա Պետրոսյանը, որն այսօր դասավանդում է ՀՀ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցում: Իր սաների ստացած գիտելիքները համալրելու, ավելի կենդանի ու առարկայական դարձնելու նպատակով և Թումանյան մեծության հետ նրանց ավելի մոտիկից ծանոթացնելու համար նա 4-րդ դասարանի իր 25 աշակերտներին բերել էր ՚Հրանտ Մաթևոսյան՚ մշակութային կենտրոն-թանգարան, որտեղ վերանորոգման պատճառով ժամանակավորապես տեղակայված է Հովհաննես Թումանյանի թանգարանը:
Երբ ոտք ես դնում կենտրոն, թվում է` մտել ես Հանճարեղ ու հմուտ Լոռեցու աշխարհ ու «խոսք ես խոսում» նրա հետ: Ամեն ինչ շնչում է Թումանյանով, անգամ` պատերն ու սյուները. նրա իմաստուն խորհրդածությունները` կյանքի ու մահվան մասին, անձնական իրերը, գրական ընկերների լուսանկարները, աշխատասենյակի, հյուրասենյակի կահավորանքը, «Վերնատան» մասին պատմությունը, Լոռու հրաշք բնության տեսարանները, այսինքն` ամեն ինչ խոսուն է ու տպավորիչ:
Աննա Պետրոսյանը աշակերտներին երկու խմբի բաժանեց, երկու խմբավարները` թանգարանի աշխատակիցներ Լեյլան ու Անահիտը, վերցրին իրենց խմբի աշակերտներին ու շրջեցին թանգարանի սրահներով` երեխաներին ծանոթացնելով թումանյանական բացառիկ աշխարհին: Նրանք ամենայն մանրամասնությամբ ներկայացրին մեծ գրողի կյանքի ամեն մի դրվագը, կապերն ու հարաբերությունները գրչակից ընկերների հետ: Քանի որ ուսուցչուհին ամեն մանրուքով «զինել» էր իր աշակերտներին, խմբավարների խոսքին զուգահեռ` նրանք միջամտում էին ու ներկայանում իրենց փայլուն գիտելիքներով, որը, իհարկե, գովեստի էր արժանանում խմբավարների կողմից:
Երեխաները տեղեկացան, որ Թումանյանը սիրում էր բարձունքները. նրա բնակարանը պիտի լիներ ամենավերին հարկում` երկնքին մոտ, ուներ իր աշխատասենյակը, որտեղ` գրքերի շրջապատում, սիրելի ընկերների միջավայրում, շատ ժամանակ էր անցկացնում: Նրան ոսկի օղակ էին անվանում, քանի որ բոլորին իր շուրջը համախմբելու բացառիկ ուժ ուներ: Գրական կնքահայրը Ղազարոս Աղայանն էր. նա էր խրախուսում, ոգևորում Թումանյանին: Չնայած տարիքային զգալի տարբերությանը /Աղայանը շուրջ 30 տարով մեծ էր Թումանյանից/` նրանք շատ մտերիմ ընկերներ էին:
Խմբավարները, երբ ներկայացնում էին հյուրընկալությամբ բոլորին հայտնի Թումանյանի ճաշասենյակի, հյուրասենյակի, աշխատասենյակի կահավորանքը, չմոռացան ընդգծել, որ գրողը շատ բարձրաճաշակ անձնավորություն էր: Իսկ երբ խոսք գնաց 13 պահարաններում պահվող գրքերի մասին, երեխաները, մեկը մյուսին գերազանցելով, պատմում էին, որ Թումանյանը 10 հազար կտոր գիրք է ունեցել, որից 2 հազարը վերցրել ու չէին վերադարձրել: Եվ որպեսզի այլևս չտեսնեն ու գիրք չխնդրեն իրենից, նա 13 պահարանների ապակիները ծածկել էր նկարներով: Գրքերը չէր սիրում տալ միայն դառը փորձի պատճառով:
Հետո արդեն երեխաներն իրենց ելույթում պիտի թվարկեին Թումանյանի արժեքավոր 10 իրերը, որոնց շարքում էր 13 պահարանում պահվող մեծ գրադարանը: Այդ 10 իրերն էին. 1.Կնոջ` Օլգայի երգարանը, 2. Ամերիկյան արտադրության կոշիկները, 3. Ճապոնական ջեռակները, 4. «Հայուհու գլուխը» կտավը, 5. «Իլյա Մուրոմեց» պահարանը /ի միջի այլոց, շատ հետաքրքիր է այս պատմությունը. ուզում էր գնել մի պահարան, որը 80 ռուբլի արժեր, և ինքը չուներ այդ գումարը: Շտապ վերադառնում է տուն, թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին բիլինան, հոնորարով էլ գնում է պահարանը, որն անվանում է Իլյա Մուրոմեց/, 6. Քառյակների տուփն ու թախտը, 7. Արծաթյա նոթատետրը` Լոռեցիների հայրենակցական միության անդամների նվերը գրողի 50-ամյակի առթիվ, 8. Ցուլի արձանը, 9. 13 պահարաններում պահվող գրքերը, 10. Պատի դեղատուփն ու Թումանյանի սիրտը /սա ևս հետաքրքիր է իմանալ: Երբ Մոսկվայի հիվանդանոցում մահանում է Թումանյանը, նրա որդին` Արեգը, դիահերձարանից գաղտնի վերցնում է հոր սիրտը և գրում եղբորը. «Ես չուզեցի` հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրի»:
Ավելի քան 20 տարի այդ սիրտը պահում էին տանը: Մի անգամ Իսահակյանը հյուր է գալիս Թումանյանի ընտանիքին, զրույցի են բռնվում, և ուշ ժամի պատճառով որոշում է մնալ: Ողջ գիշեր Իսահակյանը չի կարողանում քնել: Երբ որդուց իմանում է, որ հոր սիրտը սենյակի դեղատուփում է պահվում, հասկանում է իր անքնության պատճառը և խորհուրդ է տալիս այլևս տանը չպահել: Հետո այն տեղափոխվում է Երևանի բժշկական ինստիտուտ: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է միայն 1994 թվականին Դսեղի հայրական տան բակում/:
4-րդ դասարանի երեխաներն այս ամենի մասին գիտեին իրենց հմուտ ուսուցչուհու շնորհիվ, որը, իրոք, հայրենանվեր գործ է կատարում: Գիտեն նաև, որ Կոմիտասի հանրահռչակ «Կաքավիկ» երգի խոսքերի հեղինակը Հովհ.Թումանյանն է, ու շատ գեղեցիկ կատարեցին ոչ միայն այդ, այլև «Խնոցի», «Կոտ ու կես», «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա», «Աղվեսի երգը», «Ամպի տակից ջուր է գալիս» երգերը` հաճելիորեն տպավորելով մշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք այնքա՜ն բարեհամբույր ու հարգալից վերաբերմունք ցուցաբերեցին բոլորի հանդեպ:
Երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով նրանք հոգացել էին ուրախ ժամանցի համար` խաղատախտակներով խաղ կազմակերպելով միջոցառման վերջում: Տրված էր մեր ժողովրդական առած-ասացվածքների սկիզբը, պետք է երեխաները գտնեին շարունակությունը, կամ տրված էր վերջը, պետք է գտնեին սկիզբը: Սա էլ թերևս երեխաների խոսքի զարգացման, մեր հարուստ բառ ու բանին հաղորդակից դարձնելու մի կարևոր դրսևորում էր: Ահա մի քանի օրինակ. «Կատվի խաղ, մկան մահ», «Առել է կուտը, մտել է մութը», «Ով ալարի, ոչ դալարի», «Քամու բերածը քամին էլ կտանի», «Մի ունեցիր 100 դահեկան, այլ ունեցիր 100 բարեկամ», «Պտղատու ծառը գլուխը կախ կլինի», «Ինքը չկա թիզուկես, արարմունքը` գազուկես»…
Վերջում երեխաների ելույթը հուզեց ներկաներին: Ուսուցչուհին իր հետ բերել էր անհրաժեշտ բոլոր դեկորացիաները` մեծ գրողի հեքիաթներն ավելի կենդանի ներկայացնելու համար: Աշակերտները կերտեցին Քաջ Նազարի, Սուտլիկ որսկանների, Չախչախ թագավորի, Անխելք մարդու, Սուտասանի, Կացին ախպոր, Խելոքն ու հիմարի, Տերն ու ծառայի և այլոց կերպարները: Ուղղակի հրաշալի էր ամեն ինչ: Գոհ մնացին և՛ երեխաները, և՛ թանգարանի աշխատակիցները:
Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, երեխաներին և նրանց ծնողներին` մի սերունդ ևս թումանյանական շնչով դաստիարակելու համար: Վերջում էլ` համատեղ լուսանկար` քաղցր հիշողությունների համար:
Հարցին, թե ինչպես է շարունակում ապրել արցախցի մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Պետրոսյանն այս ծանր ժամանակահատվածում, նա պատասխանեց, որ իր օրը լցնում է երեխաների հետ աշխատելով: Ուսուցչուհին բոլորից քաջ է գիտակցում, թե ինչ է հայրենիքը, նվիրվածությունը, մշակույթի ու արվեստի հարատևությունը: Աշխատում է մեծ հաճույքով ու եռանդով, ինքնամոռաց: Նա հատուկ ընդգծում է լավագույն ավանդույթներով հարուստ Ղուկասավանի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, հմուտ ու համերաշխ տնօրենության, ուշադիր ու հոգատար ծնողների մասին, որոնք կուռ միասնությամբ աշխատում են ուսուցիչների հետ, ու շատ հարցերում էլ իրենք են դառնում նախաձեռնող: Շնորհակալ է բոլորից` իրեն հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատելու համար: Մինչև վերջ անկեղծանում է. «Շատ վաղ եմ արթնանում, անհամբերությամբ շտապում դպրոց` հաճելի դեմքերին հանդիպելու, համատեղ աշխատելու, երեխաների` բարությամբ լեցուն հայացքները վայելելու համար: Ուրախ եմ, որ հենց այդ դպրոցում եմ աշխատում»:
Ոչինչ չխնայելով` արցախցի ուսուցչուհին մեծ սիրով է իրականացնում իր առաքելությունը` կրտսեր դպրոցականների սիրտն ու հոգին լցնելով թումանյանական պարզությամբ ու անկեղծությամբ, լույսով ու ջերմությամբ: Այսպես Արցախը շարունակում է շնչել ու ապրել մայր հայրենիքի մարզերում:
Թումանյանի շունչը թևածում է ամենուր: Բարձր է մեծ գրողի հոգին հայրենի լեռների պես` իր արծվաթռիչ խոյանքներով ու երկնասլաց ճախրանքներով: Նա հավերժ մնալու է այն մարմարակերտ բարձունքը, որին տենչալու են մեծ թե փոքր, խելոք թե իմաստուն: Վստահ կարելի է հաստատել, որ ներքոհիշյալ տողերը հենց իրեն են բնութագրում.
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…
Այո՛, երնեկ նրան, որ բոլոր դարերի համար մնալու է որպես լուսապայծառ ու հավերժ լուսատու երկրային մի աստղ` լի ջերմությամբ ու արևային ցոլանքով:
Ինչպես հանճարեղ գրող Հրանտ Մաթևոսյանն է ասել, իրոք որ մենք ապրում ենք Թումանյանով. «Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք… Այդպես միայն զորավար արքաներն են լինում… Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է»:
Ուրեմն հավերժ Թումանյան կարդանք, որ Մարդ մնանք` անկեղծ ու շիտակ, հայրենի հողը պաշտող ու նվիրյալ, մարդամոտ ու մարդասեր, գիր ու մշակույթ պահպանող, հայրենիքի հոգսերով ապրող քաղաքացի:
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
Թող մեր աշխարհին միշտ բարի լույսի զանգեր զարկեն:
Թող խաղաղության լույսը միշտ բացվի մեր աշխարհին:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ