Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ – 155
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ ՚էքզիստենցիալ ընկալումը Թումանյանի ստեղծագործություններումՙ թեմայով հոդվածաշար է սկսել: Ներկայացնում ենք այդ շարքից նրա առաջին հոդվածը:
Ընկերամշակութային փոխակերպումների վայրիվերումներում, կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ակնհայտ է գոյութենական լարվածությունը: Ուշագրավ է, որ այդ լարվածությունը նախագծվում և արտացոլվում է ոչ միայն մամուլի էջերում ու հրապարակումներում, այլև ֆիլմարվեստում և գեղարվեստական գրականության մեջ: Եվ, մեծ հաշվով, արվեստագետները, գրողներն ու հրապարակախոսները կարող են ինչպես նպաստել, այնպես էլ թուլացնել գոյութենական լարվածությունը:
Սույն հոդվածի մեջ մենք փորձել ենք ուսումնասիրել կյանքի ընկալման համապատկերը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում՝ հաշվի առնելով տվյալ դարաշրջանի և՛ պատմաքաղաքական ու հասարակական ծանր կացությունը, և՛ բանաստեղծի անձնական կյանքը՝ ներկայացնելով Թումանյանի՝ որպես հայոց անհուն տառապանքը կրող և իր ստեղծագործություններով բյուրեղացնող մեծագույն գրողի գոյութենապաշտությունը: Արցախի կորստի և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համապատկերին զուգահեռվում են Թումանյանի ապրած ժամանակաշրջանի ազգային ողբերգության նույնական դրսևորումները․ տարբերությունը ընկալման և ներկայացման մեջ է: Ապրելով իր հայրենիքի համար պատմական ծանր ժամանակաշրջանում, բեկելով իր մեջ ոչ միայն անձնական, այլև համամարդկային ու համազգային անվերջանալի տառապանքներն ու ողբերգությունները, այնուհանդերձ, բանաստեղծն իր մեջ պահպանել է գոյութենապաշտությունն ու ներդաշնակության և բարեշրջության երազանքը, կյանքը վերարժևորող համամարդկային վսեմ գաղափարները, հանուն բարձրագույն արժեքների զոհաբերվելու պատրաստակամությունը:
Կատարելության ու իրականության սուր հակադրությունը բանաստեղծի գոյութենական ընկալումների և կատարելատիպի միջև խզում չի առաջացրել, նա այդպես էլ չի դարձել իրերի ու հանգամանքների ենթական, ավելին, իշխանություն է հաստատել դրանց վրա՝ հռչակելով բարոյական իր տեսույթը․
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար,
կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Հայդեգերյան այս էքզիստենցիան արտացոլվել է ոչ միայն ուշ, այլև վաղ շրջանի գործերում, անձնական, հանրային և ազգային կյանքի ծանրագույն շրջաններում: Եթե Գրիգոր Նարեկացու դեպքում տեսնում ենք ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, ապա Թումանյանի պարագայում դա ներքին հաղորդակցություն է տիեզերքի, հավերժության, անհունի հետ: Իրական աշխարհն ու անդրաշխարհը, մարմնի ժամանակավոր կյանքը և մարդկային հոգու անմահությունը համաքայլ են:
Խոհափիլիսոփայությունը կյանքի ու մահվան, մարդու բնույթի և ճակատագրի, մարդու և բնության միասնության շուրջ ներհատուկ է Թումանյանի գրեթե ամբողջ ստեղծագործությանը: Ապրումակցման, ներհայեցումի, խոր նույնացումների և ինքնանույնացումների արտացոլմամբ շոշափում ենք գրողի ներքին ամբողջության համակարգը․ «Ա՜խ, ես երանի // Կայծա՜կ լինէի, // Որոտ-ճայթյունով // Մըռայլ ամպերից // Ժայթքեի ըմբոստ, // Զարկեի ուժգին, // Պատռեի խավար // Կամարը երկնի, // Ցույց տայի մարդուն // Գաղտնիքը վերին, // Որ տեսներ՝ այնտեղ // Ի՞նչ բան կա ահեղ, // Կամ ո՞վ է նըստած, // Եվ ո՞ւր է աստված․․․»: Անմահության խորհուրդին ենք հաղորդակցվում «Դեպի անհունը» ստեղծագործության մեջ.
Փա՜ռք անպատում մըխիթարչին,
Փա՜ռք խորհուրդին անմահության.
Նա է կըրում հույսը վերջին
Ու շոգն անշեջ, արարչական.
Փա՜ռք խորհուրդին անմահության․․․․
Վիշտը հանգչում է նըրա մեջ,
Ապրում սերը անապական.
Փա՜ռք խորհուրդին անմահության…
«Դեպի Անհունը» բովանդակային առնչություններ ունի մի շարք ստեղծագործությունների հետ՝ «Խորհրդավոր մեռելը», «Ընկերիս», «Ժամանակն անվերջ», «Երնեկ թիթեռ ես լինեի», «Ցոլուն աստղեր ջինջ եթերում», «Դու գնում ես անդարձ ճամփա», «Տիեզերքի ընթերցումը», «Սիրիուսի հրաժեշտը», որոնցում ևս գոյութենական դատողությունները մնում են կենսունակ՝ բանաստեղծի համար ամենածանր պայմաններում անգամ չառաջացնելով սահմանաբաժան վերացական ու առարկայական իրականության միջև:
Հավերժը, անհունը կամ աստվածայինը, կապված լինելով բանաստեղծի ներաշխարհի հետ, դառնում են նրա անհատականացված գիտելիքը, համազմունքն ու աշխարհայացքը: «Անհայտը», «Վերը», «Բարձրը», «Անհունը» ներդաշնակ, երջանիկ կյանքի թումանյանական իդեալի խորհրդանշական համակարգն են: Եվ ոչ մի ողբերգական դիպաշար, ոչ մի պատում այդպես էլ ի զորու չեղավ խաթարել նրա ներքին վիպական խաղաղությունը: «Անուշ» պոեմում անգամ անմուրազ մեռած սիրահարները իրենց երջանկությունը գտնում են երկնքում, և երկինքն իմաստավորվում է սիրով: Բանաստեղծը հաճախակի է նայում երկնքին, ինքնանույնանում և արժևորում նրա հետ շփումը․ «Սքանչելի է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում,- ասում է բանաստեղծը: Երկինքն իմաստավորվում է որպես բարձրագույնի, վեհի ու կատարյալի մարմնավորում, արտապատկեր ու վերագրում, որպես միջնորդավորված կապի օղակ իր և Աստծո միջև: Հերոսն իր երջանկությունը պատկերացն