Պատում Բ
Մութը խտանում էր, սարսափը` ահագնանում: Թևաթափ ու թևակոտոր դուրս եկանք տնից` մարող ճրագի պես հույսը հավատ դարձրած:
Գյուղամիջում մարդկանց բազմություն էր հավաքվել, որին հերթով ավտոբուսներում էին տեղավորում երիտասարդ տղամարդիկ: Աղմուկ-աղաղակ չկար, բոլորը ահից սսկվել էին: Հուսահատ ու ահաբեկ դեմքերով իրար էին նայում մարդիկ , ու ոչինչ չէին խոսում: Ներսումս փլվում, փշրվում են վերջին հույսերս, բայց, միևնույն է, ոչինչ չէի զգում…
Այսպես անզգա հոգեվիճակում բարձրանում ենք ավտոբուսներ ու բռնում անորոշության քողով պատված ճանապարհը:
Հասնում ենք օդանավակայան /Ստեփանակերտի/, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահների կացարանները: Փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին /իհարկե, ոչ բոլորին/ ուղեկցում էին վրաններ, որտեղ նրանց սնունդ ու ապաստան էին տալիս: Մարդկային հոսքը դեպի օդանավակայան չէր դադարում: Ներսի հարկաբաժիններում հատակին անգամ ոտք դնելու տեղ չկար: Հատակներին ծածկոցներ էին փռված, խումբ-խումբ ընտանիքներ էին տեղավորված դրանց վրա: Մանուկների աղմուկ-աղաղակի մեջ ոչինչ չէր լսվում, նրանք դեռ անհաղորդ էին իրականությանը, մեկ-մեկ նայում էին իրենց ծնողների հուսահատ դեմքերին ու ոչինչ չէին հասկանում: Ծեր ու հաշմանդամ տեղավորվել էին իրենց պայուսակների վրա: Ոչ ոք հուսադրող ոչինչ չէր կարող ասել այս մարդկանց` հոգիները խաղաղեցնելու համար:
Դրսում` պատերի տակ ու բակի ծաղկանոցներում, ասեղ գցելու տեղ չկար: Խավարի մեջ մարդիկ չէին ճանաչում իրար: Ծանոթ-անծանոթ խառնամբոխը անընդհատ շարժման մեջ էր, ու գիշերը երկարում էր: Արկերի թնդյունները չէին դադարում, շատ մոտ էին լսվում: Մթության մեջ շշուկներն էլ ավելի էին թանձրանում. մեկ լսվում` մերոնք են, մեկ` չէ, մեր դիրքերի վրա են հարվածում…
Երբեմն-երբեմն այս ու այն կողմից ձայներ էին լսվում, մոտենում էինք, հարցուփորձ անում, բայց ամաչում էինք իրար աչքերի մեջ նայել, անընդհատ փախցնում էինք դեմքներս… Ինչու՞` չէինք հասկանում: Այո՛, ամաչում էինք: Հավանաբար նրա համար, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր հպարտորեն կանգնած ենք եղել, և ոչ ոք չի կարողացել կոտրել մեզ, իսկ հիմա խեղճ ու անճարակների պես դռնեդուռ ենք ընկել ու չգիտենք` ում ապավինենք: Այն ժամանակ իրավիճակի թելադրողը մենք էինք, խաղաղապահների հույսին չէինք, ոչ մեկից էլ կախված չէինք:
Կյանքի ճանապարհը բացել էինք մենք. բացողն էլ էինք մենք, փակողն էլ: Իսկ հիմա այն փակ էր հենց միայն մեզ համար: Ինչպիսի~ ստորացում: Իսկ ստոր ու անարգ աշխարհը ստորաբար լռում էր ու լռում: Եվ արցախահայերը` մեծ ու փոքր, կուչ էին եկել օդանավակայանի պատերի տակ խեղճուկրակի պես: Հիշեցի ահավոր 1915-ը ու շատ ընդհանրություններ տեսա մեր այսօրվա ու այն ժամանակվա Վաղարշապատի պատերի տակ կուչ եկած տառապյալ հայ գաղթականների, որբուկների ճակատագրերի միջև:
Աշխարհը ոչնչով չի փոխվել. նույն քար ու անտարբեր, նույն խիղճը մեռած աշխարհն է, որից, սակայն, մենք դասեր չէինք քաղել:
Ահասարսափ գիշերը դանդաղում էր, հատակին քնած երեխաները ժամանակ առ ժամանակ արթնանում, մայրիկներից ու տատիկներից ուտելու կամ խմելու բան էին պահանջում, իսկ մենք տեղ էլ չունեինք, ուր մնաց, թե որևէ բան պահանջեինք. բայց ումի՞ց…
Հենվել էինք մի սեղանի /գուցե կարճ պահարա՞ն էր, այդ էլ չէինք կարող այդ պահին ըմբռնել/ աջ ու ձախ էինք նայում: Ողջ գիշեր արագիլի պես մի ոտքի վրա լուսացրինք. ու՞մ աչքին քուն կգար այդ իրավիճակում: Իսկ կրակոցները չէին դադարում:
Անընդհատ ուղեղս էր սղոցում այն միտքը, որ ուր որ է դավադիր թշնամին մի արկ էլ կուղղի օդանավակայանի վրա, ու, պատկերացնու՞մ եք` ինչքան զոհ կլինի: Ու ինչպես միշտ, կարդարանա, որ դիտավորությամբ չի արել:
Սիրտս ցավից մրմռում էր, ու չէի կարողանում խաղաղվել: Սպասումը դարձել էր պահի թելադրողը:
Լուսաբացը ոչ մի լավ բան չէր խոստանում տասնյակ հազարավոր այս մարդկանց: Մարդիկ սկսեցին ներս ու դուրս անել: Ողջ գիշեր և լուսաբացին գաղթականների հոսքը տարբեր շրջաններից չէր դադարում /մարդ է՞լ սեփական հայրենիքում գաղթական լինի/. գալիս-գալիս էին, ու վերջ չկար: Այդ գիշեր մենք տառապանքների ու հոգու տվայտանքների մի ամբողջ դար ապրեցինք, թվում էր՝ այն հավերժ է ուղեկցելու մեզ:
Քիչ հետո Արցախի մայրաքաղաքից սկսվեց շարժը դեպի օդանավակայան: Բենզինի բացակայությամբ պայմանավորված՝ մարդիկ գալիս էին ոտքով, ամեն մեկը մի պայուսակ ուսած: Նայում ես նրանց խուճապահար հայացքներին ու ոչնչով չես կարող սփոփել: Ամբողջովին ճակատագրի քմահաճույքին թողնված՝ արցախցին իր հայրենիքում գաղթական էր դարձել ու փրկության հույս էլ չուներ:
Երկրի ոչ մի պաշտոնյա այդ ամբողջ ընթացքում չկանգնեց իր ժողովրդի կողքին, սփոփող խոսք չլսվեց: Լուրեր տարածվեցին այն մասին, թե նորանշանակ նախագահը գալու է ու հանդես է գալու ժողովրդի առջև: Ժամանակը հոսում էր, նախագահի այցն ու խոսքը` ուշանում: Այն այդպես էլ տեղի չունեցավ: Հետո պարզվեց, որ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ եկել, հանդիպել են մի խումբ մարդկանց, խոսել նրանց հետ ու հեռացել:
Կյանքը կանգ էր առել, իսկ ոսոխը շարունակում էր գնդակոծությունը: Չարենցի խելագարված ամբոխների պես տուն-տեղ թողած արցախցիները մեկ-մեկ մոտենում էին դրսում կանգնած խաղաղապահներին, որոնք մեր «անվտանգությունն էին ապահովում», հարցեր ուղղում նրանց: Սոված-ծարավ շրջում էինք օդանավակայանի շուրջը` «անգիտությամբ բախտավոր»:
Կեսօրից հետո կրակոցի ձայները սակավացան: Համեմատաբար հանգիստ էր: Երեկոյան դեմ հրաման եկավ «վերևից», թե արդեն խաղաղություն է, թշնամին վերադառնում է ելման դիրքեր, բոլորը կարող են գնալ իրենց տները, իսկ Ասկերանի, Խնապատի ու Խրամորթի բնակիչները առայժմ չեն կարող վերադառնալ` անվտանգության նկատառումներից ելնելով. նրանց տեղափոխում են մայրաքաղաքի հյուրանոցներ, իսկ ովքեր հարազատներ ունեն քաղաքում` նրանց տները:
Տեղավորվեցինք ավտոբուսներում ու շարժվեցինք դեպի Արցախի սիրտը, որն այդ պահին ցավագին տրոփում էր խուճապահար իր զավակների համար: Գիշերային սարսափազդու խավարը դավադիր թշնամու պես ուղեկցում էր մեզ: Հասանք Ստեփանակերտ ու մթության մեջ քայլեցինք դեպի որդուս տունը, որ քաղաքի ծայրամասում էր գտնվում: Հեռավոր հորիզոններից դեռ մեկ-մեկ կրակոցներ էին հասնում մեզ: Խավարը չէր խաղաղվում: Գյուղ մեկնելու և առաջին անհրաժեշտության իրեր ու փաստաթղթեր վերցնելու հույսը չէր մարում, խնդիրը վառելիքն էր, որ անհնար էր հայթայթել, մեկ էլ գյուղը վերահսկող թուրքերը, որոնցից կարելի էր ամեն ինչ սպասել, մանավանդ որ մեր տունն էլ գյուղի ծայրամասում էր: Հաջորդ օրերին ովքեր վառելիք ձեռք բերեցին, նրանց հաջողվեց գյուղ մտնել, որոշ իրեր վերցնել, իսկ մենք սպասում էինք հնարավոր ու հարմար առիթի, որն այդպես էլ, դժբախտաբար, չներկայացավ: Տարիներով պահպանած օրագրերս էլ մնացին հեռվում, որոնց մեջ գրանցում էի մեր լավ ու վատ օրերի իրադարձությունները, կարևոր անցքերը:
Մայրաքաղաքը օրըստօրե լցվում էր գյուղերը լքած գաղթականներով, փողոցներում, բակերում ու հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հասկանում էինք, որ խուճապահար մարդիկ, որոնք սարսափելի պատմություններ էին ներկայացնում թշնամու վայրագությունների ու բարբարոսությունների մասին, այլևս սիրտ չեն անելու վերադառնալ իրենց բնակության վայրեր, մինչև որ ոսոխը չհեռանար մեր գյուղերից ու քաղաքներից:
Հայրենազուրկները տեղավորվել էին հյուրանոցներում. նրանց մասին հոգ էին տանում:
Բլոկադան շարունակվում էր, մարդիկ հաց ու ուտելիք չունեին. բոլորը վախից պատսպարվել էին նկուղներում: Կառավարության կողմից մեկ-մեկ օգնություն էր հասնում նկուղներում ապաստանած մարդկանց: Շենքերի նկուղներում, մուտքերում, բակերում վառարաններ են հայտնվում, որոնց վրա հաց էին թխում ու ճաշ պատրաստում: Բայց ալյուրն էլ էր սպառվում… Ի՞նչ էր լինելու այս բազմաչարչար ժողովրդի հետ. ոչ ոք պատասխանատու չէր:
Հետո՞… Հետո դպրոցներից հրահանգեցին, որ ծնողները գնան իրենց երեխաների փաստաթղթերի հետևից: Ի՞նչ էր կատարվում: Հայտնի դարձավ, որ Շուշիի շրջանի Մեծ Շենի, Հին Շենի, Եղծահողի բնակիչներին տարհանում են Հայաստան: Փաստորեն բացվել էր կյանքի ճանապարհը, բայց ո՛չ կյանքի, ո՛չ ապրելու, այլ փախուստի համար…
Հետո քաղաքի բակերում, փողոցներում ու աղբարկղերի մոտ խարույկներ հայտնվեցին: Լուրեր էին շրջանառվում, որ տարհանվողները «լավ զննվում են» կյանքի ճանապարհն անցնելու ժամանակ` Հակարիի կամուրջը հատելիս:
Կրակի ճարակ դարձան զինվորական համազգեստներ, կոչում հաստատող փաստաթղթեր, մեդալներ ու շքանշաններ, լուսանկարներ, ամեն ինչ՝ կապված զինծառայության հետ…, սարսափն ու խուճապը պատել էր ժողովրդիս:
Հաջորդող օրերին սկսվեց մայրաքաղաքի դատարկումը: Կյանքի ճանապարհը երախը բացել, ասես կուլ էր տալիս արցախցիներիս: Մարդիկ ծայրահեղ ապրումների մեջ էին վառելիք հայթայթելու համար: Այդ օրերին եղավ սեպտեմբերի 25-ի մեծ ողբերգությունը: Ծանոթ-բարեկամներն իրար հայտնեցին Հայկազովի բենզալցակայանի մասին, որտեղից կարելի էր վառելիք հայթայթել: Այնտեղ էին ընտանիքի անդամներով` ամուսին, կին, երեխա, եղբայր ու քույր, բարեկամներ, հարազատներ: Վերահսկողություն չկար այդ վտանգավոր գործընթացում, ով ինչպես կարող էր, ով որքան կարող էր : Ու արդյունքում՝ մեծ, անդառնալի կորուստներ: Քիչ էր սեպտեմբերյան պատերազմի հետևանքով կորցրածը, ավելացան պայթյունի պատճառով զոհերը: Անմեղ մարդիկ այրվեցին ու մոխրացան: Մոխրացան նաև մեր հույսն ու հավատը:
Առջևում գաղթն էր, գաղթը` սեփական հողից…
/շարունակելի/ Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ