ԶՈՒՄԲԱՆ  ԿԱՐՈՂ Է ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾԵԼ ՄԵՐ ՀՈԳԵԿԱՆՈՒՄ

2023թ. սեպտեմբերի 19-ից հետո արցախահայերիս կյանքը բաժանվեց երկու մասի. ապրել ու արարել հայրենիքում՝ հաղթահարելով անմարդկային դժվարությունները, եւ հայրենիքը կորցնելուց հետո դեգերումների ու հիասթափությունների մեջ  գոյություն պահելու միջոցներ ստեղծել:

Հերթական զրույցն ունեցանք BASIC-1 (հիմնական բազա) զումբայի ու ֆիթնեսի մարզիչ Լաուրա Մնացականյանի հետ, որն անգամ շրջափակման  ծանր պայմաններում շարունակում էր Ստեփանակերտում մարզել կանանց ու աղջիկների, ինչպես նաեւ, տիրապետելով դիետոլոգիայի եւ սննդաբանության հմտություններին, կատարում էր խորհրդատվություն, իսկ մեր ընթերցողների համար սիրով կիսվում էր օգտակար խորհուրդներով, թե ինչպես կարելի է ստեղծված պայմաններում խուսափել թերսնումից: Լաուրա Մնացականյանը բռնի տեղահանվելուց հետո չդադարեց մարզումները, չնայած նրան, որ նոր միջավայրը նոր դժվարություններ էր բերում:

– Լաուրա, շրջափակման հետեւանքով առաջացած դժվարությունները չէին շրջանցում ոչ մի ոլորտ: Մարզվող մարդկանց եւ մարզիչների համար եւս առաջացել էին բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին խոսվել է բազմիցս, այնուամենայնիվ, որո՞նք էին դժվարագույն խնդիրները:

– Չնայած դժվարություններին՝ շրջափակման պայմաններում շարունակում էինք զումբա-ֆիթնեսի մարզումները: Դա անհրաժեշտ ու կարեւոր էր ոչ միայն աղջիկների համար, որոնք հաճախում էին մարզումներին, այլեւ ինձ համար: Մարզվելն առաջին հերթին կարգապահություն է, որն օգնում է  անորոշ ու դժվար կացության մեջ հայտնված մարդուն: Երկրորդ՝ մարզումները, առավել եւս զումբան, լավագույն միջոց են սթրեսներից ազատվելու, ընկճախտին չտրվելու համար: Օրվա ընթացքում մեր ապրած բացասական հույզերը հեշտությամբ կարելի է դուրս հանել մարզումների շնորհիվ՝ թողնելով բացասականը մարզադահլիճում: Դա օգնում էր լիցքաթափվել, կտրվել բացասական հույզեր առաջացնող հանգամանքներից, որոնց մեջ  հայտնվել էինք: Բազմաթիվ դժվարություններ կային, որոնք այս կամ այն կերպ հաղթահարում էինք: Առաջինը էլեկտրաէներգիայի  անջատումներն էին, ինչի պատճառով ստիպված էի լրացուցիչ կուտակիչներ ձեռք բերել` մշտական որակյալ երաժշտություն մարզադահլիճում ապահովելու համար: Ինչպես գիտենք, երաժշտությունը զումբայի մարզումների կարեւոր բաղադրիչն է: Ինձ մի կերպ հաջողվեց գտնել համապատասխան կուտակիչներ: Մարզիկների հաճախելիությունը նվազել էր՝ պայմանավորված տրանսպորտի բացակայությամբ, սոցիալ-կենցաղային մի շարք խնդիրներով: Մարզիկներից շատերը գալիս էին մայրաքաղաքի ծայրամասերից կամ տարբեր տեղերից: Զանգում էին ու հայտնում, որ շատ են ուզում ներկայանալ պարապմունքի, բայց դժվարանում են ոտքով գալ, քանի որ օրվա մեջ ստիպված են եղել ոտքով գնալ աշխատանքի ու գալ, կանգնել հերթերում ու արդեն ուժ չունեն պարապմունքի վայր հասնելու համար:

– Հիշո՞ւմ եք Ստեփանակերտում անցկացրած վերջին պարապմունքը: Կարո՞ղ եք պատմել դրա մասին:

– Հիշում եմ, ասես երեկ լիներ: Սեպտեմբերի 18-ի երեկոյան էր մեր վերջին պարապմունքը: Քիչ մարզիկներ էին ներկայացել, բայց սկսեցինք: Մեր մարզիկների մեջ կային աղջիկներ, որոնք ծառայում էին անվտանգության համակարգում: Պարապմունքը դեռ չավարտած՝՝ նրանք զանգեր ստացան, որից հետո /ստիպված եղանք դադարեցնել մարզումները եւ գնալ: Իհարկե, հասկանում էինք, որ եթե նրանց հրատապ կանչել են, ուրեմն վտանգ կա /թեև արդեն ընտելացել էինք տագնապային կյանքին/: Անվտանգության համակարգի մարզիկների գնալուց հետո անհնար էր մարզումները շարունակել, աղջիկների մեջ տագնապ կար. մեկի ամուսինն էր սահմանին, մեկի`եղբայրը, մյուսի` ընկերը, մենք` արցախցիներս, հոգով և մտոք սահմանապահ էինք:  Նրանց գնալուց հետո մյուս մարզիկներին որքան փորձեցի քաջալերել, որ դա նրանց աշխատանքն է, նման զանգեր հաճախ են լինում, եկեք շարունակենք զումբան, բայց չստացվեց: Հիշում եմ,աշակերտներիցս ոմանք նույնիսկ կատակ արեցին, որ Լաուրան այդպիսին է, եթե նույնիսկ կռիվը սկսված լինի, կասի՝ մնացեք, այս մի շարժումն էլ անենք, հետո գնանք…Սառած մնացել էինք մեր տեղերում: Թեև փորձում էի հանգստացնել,բայց ինքս վատ զգացողություն ունեի: Այդպես էլ հրաժեշտ տվեցինք միմյանց՝ յուրաքանչյուրս հոգու խորքում հասկանալով, բայց չբարձրաձայնելով,  որ հնարավոր է դա մեր վերջին մարզումն է:

– Սեպտեմբերի 19-ին…

– Սարսափելի էր: Ավագ որդիս, որը սովորում էր Շուշիի տեխնոլոգիական քոլեջում, առավոտյան ասաց, որ չի ուզում գնալ դասի, քանի որ ինչ-որ պատճառով քիչ դաս պետք է անեին: Չհակաճառեցի: Բայց փոքր որդուս դպրոց ուղարկեցի՝ մտածելով, որ 7-րդ դպրոցն այնքան էլ հեռու չէ տնից: Ամուսինս ծառայության էր, նոր էր մտել զինվորական ծառայության: Երբ սկսվեց պատերազմը, վազեցի քրոջս մոտ, որպեսզի միասին գնայինք դպրոց երեխաների հետեւից: Հասանք դպրոց, չէինք գտնում երեխաներին. ամենուր խուճապ էր, գոռոցներ, լաց, բոլորն իրար էին խառնվել: Քույրս չդիմացավ եւ ուշագնաց եղավ: Ապրումներս աննկարագրելին էին: Ուշքի բերեցինք նրան, սթափվելով՝ երեխաներին փնտրեցինք,  նրանց գտանք նկուղում: Երբեք չեմ մոռանա այդ/ սահմռկեցուցիչ  տեսարանը՝ խուճապի մատնված երեխաներ: Մի կողմից ամուսնուս մասին էի մտահոգ, հետո իմացա, որ իրենց գտնվելու վայրին էլ են խփել, վիրավորներ էր հանում: Մյուս կողմից՝ քաղաքի վրա չդադարող արկերի պայթյունների ձայները, խուճապահար մարդկանց սարսափահար պատմությունները, անընդհատ հասնող բոթերը, չգիտեինք՝ ինչ անել: Իսկ ավելի սարսափելին ետևում էր, երբ հասկացանք, որ պետք է դուրս գանք Արցախից: Սեպտեմբերի 25-ին դուրս եկանք բարեկամների հետ մի քանի ընտանիքներով միասին:

– Բռնի տեղահանվելուց հետո ցանկացե՞լ եք զբաղվել մարզչական գործունեությամբ:

– Ցանկությունը միշտ էլ կա, բայց հնարավորությունը եւ պայմանները միշտ չէ, որ համապատասխանում են: Երբ Հակարին անցնելուց հետո հասանք Գորիս, ինքնազգացողությունս վատացավ: Դեռ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի մարսել իրավիճակը: Գորիսից մեզ ուղղորդեցին Գյումրի: Բարեկամ ընտանիքներով տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ աստիճանաբար ինձ հավաքեցի, ինքնազգացողությունս արդեն նորմալ էր: Հասկացա, որ պետք է գործել, քայլեր ձեռնարկել. այդպես ավելի հեշտ կհաղթահարվեն սթրեսային վիճակները: Դիմեցի Գյումրիում ինձ հայտնի ֆիթնեսի ստուդիաներ, սակայն զումբայի զումբայի մարզչի տեղ չունեին: Աշակերտներիս հետ անընդհատ կապի մեջ էի: Հասկացա, որ նրանցից շատերը տեղավորվել են Երեւանում, եւ նրանց ասելով՝ կշարունակեն պարապմունքները, եթե դա լինի այնտեղ: Մտածեցի, որ Երեւանում միգուցե  ավելի շատ լինեն հնարավորությունները որպես մարզիչ դրսեւորվելու համար, բայց մինչ դա կդառնար, ինձ պետք էր որեւէ աշխատանք: Երկու շաբաթ Գյումրիում մնալուց հետո տեղափոխվեցի Երեւան, որտեղ աշխատանքի մտա «ՌուսալԱրմենալ» ալյումինի գործարանում՝ որպես մատակարարման բաժնի գնորդ: Զուգահեռ փնտրում էի զումբայի մարզումները շարունակելու տեղ, բայց հիմնականում ինձ բացատրում էին, որ այստեղ ես ճանաչված մարզիչ չեմ, գովազդի խնդիր կա, պետք է շատ հաճախորդներ ունենալ եւ այլն: Ի վերջո, ընդունվեցի «DDD» կանանց ֆիթնեսի կենտրոն՝ որպես զումբայի մարզիչ: Աշխատում եմ տեղի կանանց ու աղջիկների հետ, Արցախի իմ աշակերտուհիներին դեռ սպասում եմ, շատ եմ կարոտում նրանց: Հիշում եմ որ սկզբնական շրջանում մեր աղջիկները փակ էին, ազատ չէին իրենց շարժումների ու էմոցիաների արտահայտման մեջ, բայց արագ ստացվեց փոխել դա: Այստեղ աշակերտուհիներս ավելի ազատ են ու անկաշկանդ, բայց ոգեւորությունը մարզումների ժամանակ մի քիչ պակասում է: Կարոտում եմ այնքան դժվարություններ հաղթահարելով պարապմունքի եկած անձնակազմին ու մեր մարզումներն Արցախում:

– Այն, ինչ ապրել է արցախցին, ծանր է ու դժվար հաղթահարելի: Հավանաբար շատերի մոտ անխուսափելի են սթրեսային խանգարումներն ու  այլ առողջական խնդիրներ: Մարդկային ու նյութական կորստի համապատկերին ավելի շատ տուժել է արցախցու հոգին: Զումբան ի՞նչ դեր ունի հոգին վերականգնելու հարցում:

– Զումբան օգնում է դուրս հանել բացասական հույզերը, փոխարենը ստանալ դրական լիցքեր: Երգն ու պարը միասին չեն կարող չփոխել տրամադրությունը դեպի լավը, որքան էլ դժվար լինի դա: Միջավայրը, որտեղ մարզվում են համախոհներ, եւս  դրական է ազդում յուրաքանչյուր մարզիկի վրա, քանի որ մարզվելու ընթացքում կատարվում է էներգիաների փոխանակում ոչ միայն մարզչի ու մարզվողի, այլեւ մարզիկների միջեւ: Իմ անձնական օրինակով եմ ասում, որ զումբան կարող է հրաշքներ գործել մարդու հոգեկանում: Հենց զումբան դարձավ այն գործիքը, որի միջոցով կարողացա վերականգնել ներքին աշխարհս այնքան սթրեսներից հետո: Ուստի խորհուրդ եմ տալիս հաճախել զումբայի մարզումների հատկապես նրանց, ովքեր դժվարությամբ են հաղթահարում սթրեսները: Երբեմն ինձ  հարցնում են՝ արդյոք, հիմա դրա ժամանա՞կն է, եւ մի՞թե դա է պետք հիմա: Իսկ ես պատասխանում եմ՝ հավատացեք՝ այո: Ոչ մեկս մեղավոր չենք, որ հայտնվել ենք այս իրավիճակում, որը հաղթահարելու եւ որից ելք գտնելու համար առաջին հերթին պետք է/պայքարել գոյատեւել, պետք է ապրել, իսկ դրա համար անհրաժեշտ է ֆիզիկապես եւ հոգեպես առողջ լինել: Երբ փորձում եմ նոր մարզիկներ ընդգրկել մեր խումբ/, այնքան նպատակ չունեմ գումար վաստակելու, որքան ուզում եմ օգնել ձեզ, գիտակցելով, որ զումբան անհրաժեշտ է ձեզ: Իսկ իմ նախկին աշակերտուհիներիս/ կցանկանայի կրկին տեսնել մարզադահլիճում: Փորձենք կրկնել մեր համատեղ մարզումները՝ ամեն անգամ մի կտոր վերհուշ ապրելով Արցախում ունեցած մեր հաճելի ժամանցից:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ