ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵ-ԴՈ ՊԱՐԱՊՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 23-25-ը Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Դավթաշեն, Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա ակումբների գլխավոր մարզիչների ջանքերով եւ ֆեդերացիայի նախագահ սենսեյ Սուրեն Մաթեւոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում կազմակերպվեց ու անցկացվեց ձմեռային ճամբար: Նպատակը մարզիկների համար ուսումնամարզական հավաք անցկացնելն էր, որը բարձրացնում է նրանց մարզական որակավորման աստիճանը, ամփոփում է տեխնիկական գիտելիքները, ամրացնում է միմյանց միջեւ ընկերական կապը: Ճամբարը մարզիկներին հնարավորություն է տալիս դառնալ ավելի ինքնուրույն, կարգապահ եւ պատասխանատու:

Ուսումնամարզական հավաքի ընթացքում նաեւ կազմակերպվել է մարտավարական գիտելիքներ ստանալու դաս: Մարզիկները ստացել են կրակային պատրաստության պրակտիկ գիտելիքներ: Կազմակերպվել են տարաբնույթ խաղեր, այդ թվում՝ աշխույժ խաղեր, օրինակ՝ ձնագնդի խաղալ, զբոսանք ճոպանուղով, լողավազանում լողալ:

Ավանդական կարատե-դոյի մարզիչ սենսեյ Տիգրան Գեւորգյանը մեկնաբանեց, որ ճամբարի ծրագրում ներառված էին մարզիկների համար ակտիվ հանգստի, հետաքրքիր ժամանցի եւ կարատեի ուսուցողական վարժությունների կատարման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզիչների գլխավորությամբ բարոյախրատական զրույցի միջոցով երեխաների մեջ սերմանվում էին մարտարվեստի բարձրագույն գաղափարները եւ ամենակարեւորը՝ միասնականության սկզբունքը:  Չէ՞ որ մարտարվեստը մտերմացնում է տարբեր բնավորություն եւ խառնվածք ունեցող մարդկանց: Շատ կարեւոր է, որ միեւնույն մարզաձեւով պարապող տարբեր ակումբների մարզիկները կարողանան իրար ճանաչել, զգալ միասնականության ուժը եւ գիտակցեն, որ մարտարվեստում բոլորը մեկ ընտանիք են, որտեղ իրար հարգում են: Դա մեծ նշանակություն ունի ապագայի համար:

Ճամբարին մասնակցել է 120 կարատեիստ: Ակումբների գլխավոր մարզիչների ու ֆեդերացիայի նախագահի շնորհիվ հնարավոր դարձավ ճամբարի ներքո միավորել եւ օգտակար ու հաճելի ժամանց պարգեւել 120 մարզիկի: Նաեւ ներառված էին մարզիկների այն ծնողները, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցելու ճամբարին:

– Ուսումնամարզական հավաքի ծրագիրը հագեցած էր, միջոցառումները եւ պարապմունքները հաջորդում էին իրար: Եվ քանի որ մենք քրիստոնյա ազգ ենք, ըստ մեր ավանդույթի՝ ճամբարի վերջին օրը կազմակերպվեց այց հայ առաքելական եկեղեցի, ապա վերադարձ տներ: Արցախից մասնակցում էի ես եւ իմ աշակերտներից մեկ հոգի: Բայց նշված ակումբներում պարապում են Արցախից բռնի տեղահանված գործող մարզիկներ, որոնք շարունակում են իրենց մարզումները տարբեր մարզիչների մոտ, նաեւ՝ մեր ակումբների մասնաճյուղերում: Արցախից կան նաեւ սկսնակ մարզիկներ, որոնք ընտրել են ավանդական կարատե-դո մարզաձեւը եւ պարապում են մեր ֆեդերացիայի տարբեր ակումբներում: Ուրախ ենք, որ արցախցի մեր հայրենակիցները՝ ծնողները, իրենց երեխաներին բերում են այս մարզաձեւի պարապմունքներին, ինչը մեծ նշանակություն ունի ֆիզիկական ուժը եւ բարոյական ոգին բարձր պահելու համար: Նշեմ, որ ճամբարների կազմակերպումը կրում է շարունակական բնույթ, ըստ ծրագրի կազմակերպվում են ձմեռային եւ ամառային ճամբարներ: Բոլոր մասնակցել ցանկացողներին տեղեկացնենք, որ ուրախ կլինենք ձեռք մեկնել եւ նրանց ընդգրկել մեր մեծ ընտանիքի մեջ,- ասում է Տիգրան Գեւորգյանը:

Ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքները նախատեսված են ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ սիրողական մարզիկների, համար եւ նպաստում են ուժեղացնելու մարզիկի ֆիզիկական ու մտավոր կողմերը, ինչպես նաեւ ընդլայնում են գիտելիքներն ընտրված մարզաձեւի վերաբերյալ: Հավաքները զուգակցում են սպորտը հանգստի հետ: Ծրագիրը մարզումից դուրս հնարավորություն է նոր գիտելիքների եւ փորձի փոխանակման, մարզիչների հետ կապի զարգացման, հաղորդակցության, ընկերական շրջապատում ճիշտ դրսեւորման, հոգատարության եւ հարգանքի ձեւավորման համար:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ