19-րդ դարի 80-90 ականներից սկսած’ հայկական գեղանկարչությունը սրընթաց վերելք ապրեց։ Եվ դա առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ ասպարեզ էր մտել մեծատաղանդ գեղանկարիչների մի աստղաբույլ (Մ. Սարյան, Գ. Բաշինջաղյան, Ե. Թադևոսյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ս. Աղաջանյան , Հ. Արծաթպանյան , Վ. Գայֆեճյան), որոնք կրթություն էին ստացել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ուսումնարանում, Մյունխենի, Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում` որպես ուսուցիչներ ունենալով ամենահայտնի վարպետներին (Վ. Սերով, Մ. Կլոդտ, Վ. Պոլենով, Ժ. Պ. Լորան և ուրիշներ), այլև հնարավորություն ունեցան իրենց արվեստը զարգացնել Ֆրանսիայում (բացի Հմայակ Արծաթպանյանից ու Վահրամ Գայֆեճյանից)։
Հիշյալ գեղանկարիչներից ոմանք կրթվել են նաև հանրահայտ Ժուլիեն ակադեմիայում, Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Իսկ Ֆրանսիան` Փարիզը, այդ ժամանակ արվեստագետների յուրօրինակ Երուսաղեմն էր. աշխարհի չորս ծագերից Փարիզ էին գալիս գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, բոլոր նրանք, ովքեր ինքնահաստատվելու, կայանալու նպատակ ունեին։ Բնականաբար, անհնար էր չյուրացնել ֆրանսիական արվեստի ձեռքբերումները` շփվելով Մոդիլիանիի, Մանեի, Մոնեի, Ռոդենի, Ռենուարի և մյուս մեծությունների ու նրանց արվեստի հետ։ Ուստի պատահական չէ, որ իմպրեսիոնիզմը հայկական գեղանկարչություն մուտք գործեց շնորհիվ Եղիշե Թադևոսյանի արվեստի։ Իսկ Ստեփան Աղաջանյանի արվեստը եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք, անվանի գեղանկարչի առաքելությունը հայկական կերպարվեստի պատմության մեջ այն է, որ հայկական ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա լավագույն կտավներից մեկն իրավամբ համարվում է «Մոր դիմանկարը»:
Ինքը՝ գեղանկարիչը, եղել է դերձակի որդի: Ծնվել է 1872 թվականին: Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում, ապա մեկնելով Ֆրանսիա՝ սովորել է Մարսելի նկարչական ստուդիայում, Փարիզի հանրահայտ Ժուլիեն ակադեմիայում։ Ստեփան Աղաջանյանը օժտված էր բնորդի ներաշխարհը տեսնելու, վեր հանելու բացառիկ կարողությամբ: Հենց դա էլ մշտապես ձգտել է պատկերել իր կտավներում։ Ֆրանսիայից վերադառնալով՝ նա ապրել է Շուշիում, հետո՝ Բաքվում, Դոնի Ռոստովում` դպրոցներում դասավանդելով գեղանկարչություն: Անցյալ դարի 20-ական թվականներից բնակվել է Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է: Բազմաթիվ հետաքրքիր և հուզիչ կտավներ ունի, որոնցից մեկը ներկայացնում ենք հոդվածին կից: Պատկերված է գեղանկարչի խորթ մայրը, որի անունը Մինա էր:
Հակառակ գոյություն ունեցող տեսակետի, թե գեղանկարչին հուզել է իր մոր՝ գենետիկորեն խորթ լինելու փաստը, հակառակը, մարդկայնորեն շատ հարազատ էր, և հենց այս գաղափարն էլ ընկած է նկարի հիմքում: Կարծում ենք դա այդպես չէ, և հարկ չկա արվեստում ստեղծագործության ասելիքը անձնականացնել:
Ստեփան Աղաջանյան գեղանկարչին հետաքրքրել է առհասարակ մայր երևույթը։ Ուստի նա մորը կերպավորել է շուշեցու տարազով, միջին դասի կանանց բնորոշ հագուկապով՝ ոչ միայն կոլորիտի ապահովման, այլև ցույց տալու համար այն միջավայրը, որում ժամանակին ապրել է իր մայրը: Իսկ մայրը նստած է սեղանի մոտ, ձեռքերի մեջ տերողորմյան բռնած: Իբրև առարկա, այն շատ գործածական էր 19-րդ դարավերջի հայ կանանց կողմից: Կտավում մենք տեսնում ենք պարկեշտ, համեստ, առաքինի, հեզաբարո, բարեհոգի կնոջ: Կտավում լուսավորված են նրա դեմքի մի մասը և ձեռքերը, հենց դրանք են գեղանկարչի համար եղել առաջնային: Ձեռքերը՝ տանջված, հազար ու մի դժվարություն տեսած: Դեմքը անժպիտ է, զուսպ, սակայն ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, թե ինչքան բարություն կա նահապետական կնոջ այդ տիպական կերպարում: Գեղանկարիչը միտումնավոր է լուսավորել մոր դեմքի կեսը՝ մեր ուշադրությունը այդպես կենտրոնացնելով մոր դիմագծերի վրա, որտեղ ամփոփված է նրա ապրած ոչ դյուրին կյանքը, ինչի վկայությունն են կնճռոտ ձեռքերը: Եվ ձեռքերի կնճիռները հաստատում են այդ կնոջ չարչարանքով ապրած կյանքը: Այդ կյանքը ցույց տալու համար է գեղանկարիչը մոր ձեռքին դրել տերողորմյան: Միևնույն ժամանակ այդ տերողորմյան մեզ հուշում է կնոջ սոցիալական դասը, կարգավիճակը, ինչին նա հասել է անդադրում աշխատանքի ու մեծ մաքառումի գնով: Կտավի ետին պլանը, ֆոնը զարդարում է հայկական գորգի մի ֆրագմենտ, ինչը կտավին շքեղություն և ազգային կոլորիտ է հաղորդում: Սեղանի ծածկոցը նույնպես այդ նպատակին է ծառայում:
Գեղանկարիչներից շատերն են վրձնել իրենց մոր դիմանկարը, որոնցից մեկն էլ ամերիկացի Ջեյմս Էբբորտ Մաք-Նեյլ Ուիստլերն է (1834-1904թթ.), որի հիշյալ ստեղծագործությունը հայտնի ու սիրված է աշխարհում: Ջեյմս Ուիսթլերի կտավում մայրը նստած է կիսադեմով։ Գեղանկարիչը իր մորն այդ դիրքով է վրձնել՝ ընդգծելու համար այն մեծ տարածությունը, որ ընկած է մոր և որդու միջև և կարևորելու համար այդ հեռուներին հառած մոր մտահոգ հայացքը: Այդ նույն մտահոգությունը առկա է նաև Ստեփան Աղաջանյանի կտավում: Բայց հայ գեղանկարչի նկարում, կարծում ենք, մոր դիրքի ընտրությունը շատ ավելի սրտամոտ ու հարազատ է, քանի որ մայրը նայում է դեպի մեզ՝ կտավը դիտողներիս և լավագույնս է ներկայացնում մայրական սիրո բացառիկությունը, մոր կերպարի խորքայնությունը:
Ուշադիր նայելու դեպքում կնկատենք, որ գեղանկարչի մայրը բնավ էլ մեզ չի նայում, ինչպես որ թվում է առաջին պահ, նա մեր ուսի վրայից նույնպես մտախոհ նայում է դեպի հեռուն, ուր ապագան է, վաղվա օրը՝ անորոշությամբ լի: Եվ հենց այստեղ է հայ գեղանկարչի ընտրած կոմպոզիցիայի յուրահատկությունը. նույնիսկ մեր ներկայությունն ի զորու չէ գեղանկարչի մորը կտրելու մշտարթուն մտորումներից: Կինը, որ ամբողջ կյանքում մաքառել է, բազում անքուն գիշերներ լուսացրել, որպեսզի կարողանա պահպանել իր գերդաստանի’ քիչ թե շատ բարվոք կյանքը, այդ տարիքում էլ անհանգիստ ու մտահոգ է գերդաստանի վաղվա օրվա համար: Գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը մոր կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր բացառիկ միասնություն՝ կտավը դարձրել է յուրատեսակ հուշարձան, ձոներգ՝ նվիրված մայրերին:
Իբրև ամփոփում նշենք, որ հայ գեղանկարիչների շատ կտավներ կոմպոզիցիոն կառուցվածքով, ասելիքի խորքայնությամբ ու կերպարի հոգեբանության ճշգրիտ ցուցադրմամբ բնավ չեն զիջում աշխարհում ճանաչված շատ գեղանկարիչների նմանատիպ կտավներին։ Ուղղակի դա տեսնել ու գնահատել է պետք։
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ