Երվանդ Նահիկյանը ֆրանս-ամերիկացի ազգությամբ հայ ճարտարապետ է։ Նահիկյանների ընտանիքի ողբերգությունից վերածնունդ ապրած ճանապարհի պատմությունն արտացոլում է դարեր շարունակ իրենց նախնիների հողի վրա ապրած, և Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության զոհ դարձած բազմաթիվ հայ ընտանիքների տառապալից կյանքը։
Այդ մռայլ պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից: Երվանդի մեծ պապը՝ Տեր Վահրամ Նահիկյանը, Խարբերդում քահանա էր: Քրիստոնեական հավատքից չհրաժարվելու համար 1895-ին՝ Համիդյան ջարդերի ժամանակ, եկեղեցու և իր ընտանիքի առջև նա խոշտանգվել ու նահատակվել է։ Որպեսզի նրան ստիպեն զիջել, նրա աչքի առաջ մահապատժի են ենթարկել ավագ որդուն, ապա խոշտանգել կնոջը։ Երկրորդ որդին՝ՆիշանՆահիկյանը՝ Երվանդի հայրը, ծանր վիրավորված էր, և կարծում էին, թե մահացել է, բայց նա բարեբախտաբար ողջ էր մնացել։Ողջ էր նաև մայրը: Նրանք փրկվեցին ու բուժվեցին Կապուցինի հայրերի կողմից:
1909-ին Երվանդ Նահիկյանը ավարտել է Լիբանանի Բեյրութի Ճիզվիտական համալսարանը, ապա վերադարձել է Խարբերդ և բժշկությամբ զբաղվել: Ամուսնացել է Խարբերդի դատավոր և մագիստրատ/քաղաքապետ/ Միքայել Արսլանյանի դստեր՝ Վերոն Արսլանյանի հետ։ /Նոր պարբերություն/
Միքայել Արսլանյանը ուներ երեք դուստր և յոթ որդի։ Նրանցից հինգը մասնագիտությամբ բժիշկներ էին, մեկը՝ դեղագործ, մեկը՝ գործարար։ Արսլանյանների ընտանիքի պատմությունը ոգեշնչման աղբյուր է եղել «Արտույտների ագարակը» վիպակի համար, որի հեղինակը Երվանդի զարմիկ՝ Իտալիայի Պադովա քաղաքում ապրող Անտոնիա Արսլանն է. նա մեծ ճանաչում ունի արցախցիների մոտ։ Այդ գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ գրքի սյուժեի հիման վրա Իտալիայում նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ:
1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Երվանդի պապը՝ դոկտոր Նիշան Նահիկյանը, ձերբակալվել է մյուս հայ բժիշկների, սպաների և մտավորականների հետ: Կանխատեսելով իրենց ճակատագիրը՝ նրանք որոշեցին հրկիզել այն բանտը, որտեղ իրենց կալանավորել էին։ Նրանք բոլորն էլ մահացել կամ սպանվել են այս ողբերգական իրադարձության ժամանակ։ Նույն ժամանակահատվածում սպանվել է նրա կին/, Արսլանյան չորս եղբայրները ընտանիքի մի քանի այլ անդամների հետ։
Երվանդի տատը` Վերոն Արսլանյանը, վերապրեց այդ ողբերգությունն ու այլ կանանց և երեխաների հետ անցավ անապատի երկար ու դժվարին գաղթի ճանապարհը: Նրանցից շատերը սպանվեցին: Վերոնը գրկած տանում էր երկամյա որդուն՝ Վահրամին՝ Երվանդի հորը, մինչդեռ նրա երկվորյակ դուստրերը չկարողացան դիմանալ այդ ծանր փորձությանը։ Վերոնը և որդին հրաշքով հասել են Սիրիա և փրկվել նրա եղբայրների՝ Զարեհի և Ռուբենի շնորհիվ, որոնք երկուսն էլ Հալեպում կայացած բժիշկներ էին: Նրա ավագ եղբայրը՝ պրոֆ. դոկտոր Երվանդ Արսլանյանը, արդեն ապրում էր Իտալիայի Պադովա քաղաքում: Երեք եղբայրն էլ ստանձնեցին որբացած զարմիկների խնամքը, որոնք ողջ էին մնացել և հետագայում միացել էին նրանց:
Վահրամ Նահիկյանը հետագայում Դամասկոսից տեղափոխվեց Բեյրութ՝ ճիզվիտական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու։ Այնտեղ նա դարձավ ինժեներ/ճարտարապետ և իր ողջ կարիերայի ընթացքում հիմնականում նախագծեց և կառուցեց դպրոցներ ու հիվանդանոցներ: Նա նաև ինժեներ էր և պատասխանատու էր ֆրանսիական կառավարության սեփականության համար, ինչպես ֆրանսիական իշխանության ժամանակ, այնպես էլ Լիբանանի անկախացումից հետո: Նա ամուսնացավ հալեպցի Շաքե Մինասյանի՝ Երվանդի մոր հետ, և նրանք ունեցան երեք երեխա՝ մեկը ինժեներ/արդյունաբերող/, երկրորդը՝ ճարտարապետ, երրորդը՝ լանդշաֆտային ճարտարապետ։ Երեք ընտանիքներն էլ ներկայումս ապրում են Միացյալ Նահանգներում։
Երվանդ Նահիկյանը ծնվել և մեծացել է Բեյրութում։ Նախնական կրթությունն ստացել է «Նիշան Փալանճյան» Ճեմարանում, ապա՝ Ճիզվիտական «Նոտր Դամ» վարժարանում։ Հետագայում նա ավարտել է «Լիբանանի Գեղարվեստի ակադեմիա» /«Academie Libanaise des Beaux-Arts»/ ճարտարապետական դպրոցը, որից հետո ասպիրանտական կրթություն ստացել Փարիզի Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում /«Ecole Nationale Superieure des Beaux-Arts»/, որտեղ էլ ստացել է DPLG ճարտարապետի որակավորում:
Լիբանան վերադառնալուց հետո Երվանդը հիմնեց իր սեփական ճարտարապետական ընկերությունը՝ իրականացնելով նախագծեր Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում: Նա նաև ճարտարապետություն և քաղաքային ինտեգրացիա է դասավանդել ասպիրանտուրայում՝ հիմք դնելով լիբանանյան քաղաքացիական պատերազմին հաջորդած առաջիկա համաձայնեցված վերակառուցման գործընթացին:
Այնուամենայնիվ, չսպասելով լիբանանյան հակամարտությունների ավարտին, Երվանդը 1985-ին տեղափոխվեց Բոստոնի շրջան և կնոջ՝Փարիզից եկած ֆրանսիացի ինտերիեր-ճարտարապետի հետ հիմնեց իր երկրորդ ճարտարապետական ընկերությունը: Նրանք միասին մշակեցին բնակելի և կոմերցիոն տարբեր նախագծեր՝ միաժամանակ մասնագիտանալով Նոր Անգլիայի մուլտիպլեքս կինոթատրոններում, ինչպես նաև կրոնական կառույցներում՝ ներառյալ մի քանի հունական ուղղափառ և հայկական եկեղեցիներ: Նա մասնակցել է նաև Բոստոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման նախագծին։
Նրանք՝ Երվանդն ու իր կինը, ունեն երկու երեխա: Նրանց դուստրը միջազգային մարդասիրական և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունների խորհրդատու է, ներկայում պաշտպանում է իր թեկնածուականը սոցիոլոգիայի գծով: Նրանց որդին վիրաբույժ է՝ մասնագիտացած ձեռքի վիրաբուժության մեջ ։
Իր զարմիկ Վահե Ֆաթալի՝ անվանի գրաֆիկ դիզայներ, նկարիչ, արվեստի կոլեկցիոներ և բարերար, մահից հետո Երվանդ Նահիկյանը հիմնադրեց «Վահե Ֆաթալ» հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող հաստատություն էր Միացյալ Նահանգներում և նվիրված էր արվեստին ու մշակութային նախաձեռնություններին։ Վահե Ֆաթալը նաև եղել է «Ղարաբաղի բարձրացված բռունցք» պաստառի ձևավորողն ու Արցախի Հանրապետության դրոշի հեղինակը։ 2021 թվականին Վահե Ֆաթալը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության նախագահի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին։
Երվանդ Նահիկյանը և խորհրդի անդամները հիմնադրամի բարեգործական ջանքերն ուղղում են ազգային նշանակության կարևորագույն խնդիրների լուծմանը: Հիմնադրամն աջակցել է Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի կենտրոնի, ՏՏ դպրոցի ստեղծմանը և ֆինանսավորմանը, Արցախի ջազ նվագախմբին, Հայաստանում սովորող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցմանը:
Միացյալ Նահանգներում «Վահե Ֆաթալ» հիմնադրամը միջազգային մրցանակակիր հայ կինոռեժիսորի հետ ֆինանսավորում է գեղարվեստական և վավերագրական ֆիլմարտադրությունը: Վերջին ֆիլմը, որի ֆինանսավորումը իրականացվում է հիմնադրամի կողմից, արցախյան ճգնաժամի մասին է: Հիմնադրամն աջակցում է Հայաստանի գյուղական շրջաններում իրականացվող այնպիսի խոշոր ծրագրերի, ինչպիսիք են «COAF»-ը և «TUMO»-ն:
Երվանդը և Ժերար Գերգերյանը, որը միջազգային իրավաբան է և նույնպես Արցախին աջակից, Փարիզում վերջերս բացեցին «Centre Vahe Fattal»/«Վահե Ֆաթալ կենտրոն»/ հայկական ոչ առևտրային միությունը, որն առաջարկում է ուսուցում և վերապատրաստում կիրառական արվեստի մասնագիտությունների համար:
Երվանդ Նահիկյանը արժանացել է Հայ Կաթողիկե Պատրիարքարանի «Սուրբ Վարդան» և «Մխիթար վանահայր» շքանշանների: Նա արժանացել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լույսի առաքյալ» գերատեսչական մեդալին։
«Vahe Fattal» /«Վահե Ֆաթալ»/ հիմնադրամն ուրախ է իր ֆինանսական աջակցությունը բերելու «Լուսարար» կրթամշակութային կազմակերպության կողմից վերահրատարակվող «Լուսարար» թերթի վերածնմանը, որը մշակութային փարոս է Հայաստանում ապաստանած բազմահազար արցախցիների համար:
ԼՈՒՍԱՐԱՐ