ԱՐՑԱԽԸ  ՍՏԵՓԱՆՈՍ  ՕՐԲԵԼՅԱՆԻ «ՍՅՈՒՆԻՔԻ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»   ՄԵՋ

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» պատմագիրքը հայ մատենագրության ինքնատիպ գործերից է՝ ընդգծված գաղափարական շերտերով ու ոճապատումային առանձնահատկություններով, տոհմագրության /ճյուղագրության/ ժանրատեսակով:

Քաջ գիտակցելով իր գործի էությունը՝ պատմիչը ձգտել է գրել Սյունիքի պատմությունը, որը մինչ այդ ոչ մեկի կողմից չէր շարադրված, կամ եթե անգամ եղել է նման գործ, չի պահպանվել:

  Ճիշտ է, հայ մատենագրության մեջ Մեծ Հայքի այս մեծ, հզոր նահանգի մասին որոշ տեղեկություններ արձանագրվել են, սակայն դրանք կրում են կցկտուր բնույթ և ամբողջական պատկեր չեն ներկայացնում:

                Պատմության առաջին գլխում Օրբելյանը շարադրում է այն երկու գլխավոր դրդապատճառը, որոնք նրան մղեցին երկի ստեղծմանը:

                Առաջինն այն է, որ Սյունյաց երկիրը հայոց պատմության մեջ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով միշտ էլ ունեցել է կարևոր դերակատարում: Այնտեղ վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կատարվել են վկայության արժանի բազմաթիվ գործեր, և դրանք պետք է գրի առնվեն` հանուն գալիք սերունդների:

                Երկրորդ պատճառը` վեճեր էին առաջանում աշխարհիկ և եկեղեցական տիրույթների, անշարժ գույքի վերաբերյալ, տեղի էին ունենում սահմանների խախտում և ունեցվածքի հափշտակում, ուստի այս բոլորը պետք էր հաստատապես արձանագրել ըստ պատկանելության, հիմնավորել ու նշել ճիշտ սահմանները, «որպեսզի ճանաչեն Սյունյաց իշխանների և հայրապետների աստիճանն ու դիրքը և նրանց ամբողջ կարգ ու կանոնը, սովորությունները, որ (երկիրը) չոտնահարվի ու կողոպտվի հափշտակիչներից և դիվախաբ մարդկանցից»:

   Թեև պատմության առանցքը Սյունիքի պատմությունն է, սակայն  այն  շատ նուրբ ու  վարպետորեն միահյուսված է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը՝  ավելի ամբողջականացնելով ու գաղափարականացնելով նյութը: Երկում նաև բավականին տեղ է հատկացված հարևան երկրներին՝ Աղվանքին ու Վիրքին, հիշատակվում են պարսիկները, հույները և այլ ժողովուրդներ:

  Պատմության մեջ նաև հիշատակվում է Մեծ Հայքի Արցախ նահանգը` իր բնակավայրերով, աշխարհագրական անվանումներով, և սա բնական է, քանի որ նահանգներն իրար սահմանակից են և սերտորեն հարաբերակցված են պատմությամբ, կենցաղով ու մշակույթով:

  Նաև չպետք է անտեսել այն իրողությունը, որ ազգային պատմության մեջ Արցախ աշխարհը հաճախ անվանվում էր Փոքր Սյունիք և ըստ պատմագրության, Արցախի նախարարական տունը սերվում էր Սիսակից. «Իսկ սրանց սերնդից ընտրելով մի շատ քաջ, գեղեցիկ ու քաղցրաբարո մարդու` Եռան (Առան) անունով, նահապետ է կարգում Առանա մեծ դաշտի վրա, Երասխից մինչև Հունարակերտ:Եվ քաղցր բարքի պատճառով նրան Աղու էին կանչում, որտեղից էլ աշխարհը նրա անունով Աղվանք կոչվեց»:

Արցախ անվան առաջին հիշատակումը կապված է Վարդանանց պատերազմից հետո պարսկական զորքերի կողմից իրականացվող հետապնդումներից խուսափող փախստականների հետ, որոնք «ուզում էին անցնել Արցախի ամուր աշխարհը»` փրկվելու նպատակով:

  Հաջորդ հիշատակումը կապված է արաբ Յուսուֆի կողմից հետապնդվող հայ իշխանների հետ, որոնք քաջություն ու աննկուն կամք ցուցաբերելով՝ նահանջում են Գարդմանք ու Արցախ. «Ապա իշխանները, տեսնելով եկած- հասած հրոսակներին, ետ դարձան, հույժ քաջությամբ շատերին կոտորեցին, իսկ իրենք անցան գնացին Գարդմանի և Արցախի ամուր աշխարհ և մնացին այնտեղ…»:

  Հետաքրքիր ու ուշագրավ է այն, որ Արցախ աշխարհը միշտ հիշվում է որպես անմատչելի, ամուր, անառիկ մի վայր, որտեղ միշտ էլ վառ է պայքարի, ընդվզման ոգին:

  Մնացյալ երկու հիշատակումներն առնչվում են եկեղեցական կյանքի անցուդարձին՝ կապված հրաշագործ խաչի հետ. «Դարձյալ՝ նախքան այս Արցախ գավառից բերել էին աստվածընկալ խաչի հրաշագործ նշանը, որի մեծամեծ հրաշքների ու զարմանալի սքանչելագործությունների համբավը տարածված էր ամբողջ աշխարհում»:

  Պատմության մեջ երկու անգամ շեշտվում է Ամարաս անունը, որտեղ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնվել է եկեղեցի` հետագայում  վերածվելով  քրիստոնեական գլխավոր տաճարի. «Գնալով Վիրք, այնտեղից` Աղվանք, մինչև Մասքութք ու Հոնաց պահակը և բոլորին հաստատելով քրիստոնեական հավատքի մեջ` գալիս է Փոքր Սյունիք. մտնելով Ամարաս` եկեղեցի է շինում ու այնտեղ թողնում կրոնավորներ»:

  Ամարաս անունը նաև շեշտվում է՝  կապված  Գրիգորիսի  գավազանի հետ. «Բայտուն… Տարսայիճի որդի Ջալալին մի քանի մոնղոլ մարդկանցով նա ուղարկեց Ամարաս, որը  հին ժամանակներից Աղվանքի կաթողիկոսական մեծ աթոռն է եղել, և իր մոտ բերել տվեց սուրբ Գրիգոր Լուսավորչի որդի Վարդանի որդու՝ սուրբ Գրիգորիսի գավազանը»:

  Մեծ սիրով ու ոգեշնչմամբ է պատմիչը խոսում Դիզափայտի մասին, երբ նկարագրում է Տաթևի եպիսկոպոսարանի աշխարհագրական դիրքը, վանքի շինարարությունը և հոգևորականներին այնտեղ ժողովելը. «Գտնելով այս տեղը՝ խիստ համապատասխան ու հարմար, գրեթե վերին թելադրանքով եկան, հաստատվեցին այստեղ` այս գեղատեսիլ վայրում, որը բարձր դիտանոցի նման նայում է դեպի արևելք` շատ գավառների, Դիզափայտի լեռների դիմաց, որտեղ թաղված են բազմաթիվ սուրբ նահատակներ»:

  Ստ. Օրբելյանը հիշատակում է նաև Գանձասարն ու Դադեի վանքը` որպես հոգևոր կենտրոններ, որտեղ տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ՝ կապված եկեղեցական կյանքի հետ:

«Ապա երկնային տնօրինությամբ Գանձասարի եկեղեցապանը գիշերային արարողության ժամանակ դնում է մի գիրք` իբր թե Հովհան Ոսկեբերանինը, և կաթողիկոսին մեծարանքով հրավիրում են կարդալու…»:

  Իսկ Սիսական տան վանքերի ցանկում հիշատակվում են Դադեի վանքն ու Ծիծեռնո վանքը. «…Ապա Լհեվանքը, Քրոնից վանքը, Դադեի վանքը, Կուռփաձորի վանքը, Ծիծառնո վանքը, Խաչատրո վանքը, Ձյունասարի վանքը»:                

  Պատմության մեջ շատ է հիշվում Մուղանի կամ  Դառն դաշտը, որը առանցքային դեր է ունեցել պատմական իրադարձությունների զարգացման գործում: Մուղանի դաշտը դարձել էր յուրօրինակ հենակետ, որտեղից նվաճողներն անընդհատ արշավանքներ էին կազմակերպում Հայաստանի դեմ. «Իսկ մինչ այս արքունի ցեղից Ասլան անունով մի մարդ գլուխ բարձրացրեց, իր կողմը գրավեց բազմաթիվ զորքերի ու զորագլուխների: Դա սկսեց Մուղանի դաշտում` մտադրվելով գնալ ղանի պալատի դեմ…»:

  Պատմության մեջ մի քանի անգամ հիշատակվում է Խաչեն գավառը, որտեղ տեղի են ունեցել նշանավոր անցուդարձներ: Պատմիչը, խոսելով հզոր, արի իշխան Տարսայիճի մասին, գրում է. «Սա Վրաստանի թագավոր Դավթի ուղեկցությամբ գնաց Խաչենի գավառը, մեծ իշխան Ջալալի որդի Աթաբեկի մոտ և նրա քույր Մինա խաթունին իրեն կին առավ…»:

  Բացի ռազմաքաղաքական, տնտեսական կապերից, Խաչենի իշխանական տունը արնակցական-խնամիական կապերի մեջ էր Սիսական իշխանական տան հետ. «Բայց Գրիգորը, որը իշխում էր Բաղքում, բերել տվեց Խաչենի իշխաններից, գեռաքարեցի մի կտրիճի՝ Հասան անունով, իր դուստր Կատային նրան կնության տվեց ու դարձրեց իր թագավորության ժառանգ»:

  Պատմության մեջ քիչ չեն նաև այնպիսի աշխարհագրական անվանումներ, որոնք մեր բազմադարյան պատմության ընթացքում տարբեր ժամանակներում եղել են և՛ Մեծ Սյունիքի, և՛ Փոքր Սյունիքի կազմում, կամ էլ ունեցել են սահմանազատիչ դեր: Այդպիսիք են Ծարը, Հաբանդի որոշ մասը, Աղահեճ գավառը՝ Քաշեթաղոց ամրոցով և Խոժոռաբերդով, Մյուս Բաղքը, Աղավնո կամ Հագարի գետը և այլն:

   Գրելով Աղվանքի  սահմանների մասին՝ պատմիչը նշում է. «Առանձնացվում է նաև Աղվանքի սահմանը՝ Ռմբաձորը, Ծար գավառը, Աղահեճը, որը հատում է Աղավնո գետը՝ մինչև Քարավազի կամուրջը և Հաբանդ գավառը՝ մինչև Երնջակի սահմանի Բստիձորը՝ գրավված գողթնեցիների կողմից, նաև Վանանդն ու Գողթնը ամբողջովին, որոնք թեպետ և եպիսկոպոս ունեին, և սահմանափակ տեղերի համար էլ դեռ կար, բայց ենթարկվում էր Սյունիքին»:

  Հագարի գետի մասին պատմիչը գրում է. «Խաղաղ ու հավասար վայելումով էին ապրում Սյունաց իշխաններ Սմբատն ու Սահակը՝ միմյանց միջև բաժանած լինելով նահանգի իրենց հայրենի կալվածքները. ավագը՝ Սմբատը, բաժին ուներ Սյունիքի արևմտյան կողմի մեծ մասն ու ամբողջ Վայոց ձորը, իսկ Սահակը՝ արևելյան կողմը, մինչև Հագարի…»:

  Թվարկելով Սյունիքի բուն գավառները՝ Ստ. Օրբելյանը շեշտում է. «Հինգերորդը Աղահեճ գավառը, որ  այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժոռաբերդ»:

  Պատմիչի մոտ շատ ուշագրավ են նաև արցախյան իշխանական տոհմերի, հոգևոր այրերի մասին վավերագրությունները, նրանց կատարածի, ծրագրերի, վարքի հիշատակումները:

  Գրքի մեջ մի ամբողջ գլուխ` «Հակոբի ապստամբվելը և իր կյանքի վախճանը: Հայոց կաթողիկոս Անանիայի երեք անգամ Սյունիք գալը, Վահանին եպիսկոպոս ձեռնադրելը և Աղվանքի հնազանդեցնելը» վերնագրով, նվիրված է Աղվանքի Սահակ կաթողիկոսի, Սյունաց եպիսկոպոս Հակոբի եկեղեցական գործնեությանը, հայոց կաթողիկոս Անանիայի երեք անգամ Սյունիք գալուն և կենտրոնախույս ուժերի դեմ պայքարելու պատմությանը: «Ապա Աղվանքի կաթողիկոս Սահակը մեռնում է, և  նրան հաջորդում է իր եղբայր Գագիկը՝ նույնպես անկատար օծությամբ: Տեր Անանիան այս իմանալով՝ Աղվանքի իշխաններին թուղթ է գրում իր իմաստալից խոսքերով ու հրամայում չենթարկվել կաթողիկոս կոչված այդ սնափառ Գագիկին: Նրանք հենց այդպես էլ արեցին. նրան ոչ ոք չհնազանդվեց, բացի իշխաններից միայն մեկից՝ Սենեքերիմ անունով»:

Նույն գլխում նաև խոսվում է Սպրամ անունով իշխանուհու մասին, որը ամեն կերպ ձգտում էր իր մերձավորներից մեկին՝ եպիսկոպոս Բակուրին դարձնել Աղվանքի կաթողիկոս. «Բայց չի համարձակվում ուղարկել Հայաստան, որ չմերժեն, այլ ժողով է անում Պարտավում ու կաթողիկոս ձեռնադրել տալիս նրան, որը և անվանվում է Ներսես: Այդ պատճառով Եղիա կաթողիկոսն արքունի հրամանով գնում է Աղվանք և բռնելով այն տիկնոջն ու Բակուրին՝ մերկացնում, կապում է իրար ու իշի վրա նստեցնելով՝ շրջել է տալիս Պարտավի փողոցներում»:

Հիշատակված է նաև Աղվանքի թագավոր Համամի անունը, որը փրկագնով ազատում է Գեորգ կաթողիկոսին. «Իսկ երբ Գեորգը Աղվանքի թագավոր Համամի միջոցով վերադառնում է գերությունից, տեսնում է Հովնանին նրանց արքեպիսկոպոս և հրամայում է  հանել նրա զգեստներն ու կաթողիկոսական նշանները»:

Մեկ այլ պատճառով նույն գլխում խոսվում է Աղվանքի իշխաններ Իշխանիկի ու Սենեքերիմի մասին. «Այս իմանալով Աղվանքի իշխանները՝ Իշխանիկն ու Սենեքերիմը, այլև մյուս Սենեքերիմը՝ Գրիգորի որդին, որին նախօրոք հիշատակեցինք, Ջեվանշերն ու Գուրգենը իրենց մեղքերը մեծ զղջմամբ խոստովանելով, Խոտակերաց վանքից Դավթին ուղարկեցին նրա մոտ՝ իրենց համար առաջնորդ ձեռնադրվելու»:

«Տաթևի շրջակա սահմանների վավերագրերը» գլխում ևս հիշատակվում են Աղվանքի հայրապետի և  իշխանների անունները՝ որպես վկաներ. «Մենք՝ Աղվանքի իշխաններ Գրիգորս, Եսայիս և Ատրներսեհս, վկա ենք այս որոշմանը»:

  Մեծ խանդավառությամբ ու դրվատանքով է խոսվում նաև Խաչենի իշխան Գրիգորի տոհմի մասին (ԿԶ գլուխ): Տարսայիճն իր ավագ աղջկան կնության է տվել. «Իվանե աթաբեկի քեռորդի մեծ Գրիգորի որդի Հասանի որդի Խաչենի մեծ ու փառաբանված իշխան Գրիգորիին»:

  Մեկ այլ տեղ (ՀԱ գլուխ) իշխան Ջալալի անունը հիշվում է՝ կապված փրկական փայտ-մասունքի հետ. «Հետո աստվածասեր Ջալալը շինում է Գիշերաձոր անունով մի եկեղեցի և արծաթե պահարան պատրաստելով՝ հիշյալ մասունքը հաստատում է այնտեղ»:

  Պատմության մեջ խորն ակնածանքով ու մեծարմամբ է հնչում Աղվանքի իշխան Սևադայի անունը, որի դուստրը Սիսական աշխարհի իշխան Գրիգորիի կինն էր. «Գրիգորը իրեն կին է վերցրել ամենաօրհնյալ, խորահավատ բարեպաշտուհի Շահանդուխտին՝ Աղվանից տնից, նրանց թագավորազն մեծ իշխան Սևադայի դստերը»:

Հիշվում է նաև Սևադայի որդի Սենեքերիմի անունը, որն այդ ժամանակ թագավորն էր Սիսական աշխարհի, քանի որ Գրիգորն անզավակ էր. «Նրանք անզավակ էին և թագավորությունը մնալու էր առանց ժառանգորդի: Ապա իշխանների հետ խորհուրդ անելով՝ Աղվանքից բերում են նույն Շահանդուխտի եղբայր, թագավորազն մանուկ Սենեքերիմին՝ խիստ գեղեցիկ տեսքով, առողջ կազմվածքով, իմաստուն ու հանճարեղ, այլև՝ աստծուց երկյուղած»:

Ամեն ինչից երևում է, որ Արցախի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր թևերը սերտ հարաբերությունների, խնամիական, բարեկամական կապերի մեջ են եղել Սիսական տան հետ: Նրանց հուզել, մտահոգել են նույն խնդիրներն ու երևույթները և միշտ էլ ձգտել են հանդես գալ միասին:

Վերոհիշյալ վկայությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Սյունիքի պատմության առթիվ անդրադառնալով նաև Արցախի պատմությանը` պատմիչը բավականին ուշագրավ տեղեկություններ է թողել Մեծ Հայքի երկու նահանգների և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր կյանքի մասին, որոնք այլ գրավոր աղբյուրներում չենք հանդիպում: Պատմիչը երկու նահանգները հանդես է բերում որպես մեկ ամբողջական պատմական միավոր` իրենց առանձնահատկություններով:

Պատմությունն ինքնին  ռազմավարական նշանակության  երկ է` հետագա դարերի կտրվածքով` ճանաչողական ինքնության բարձրացման, աշխարհագրական տեղանունների, սահմանների ճանաչման, հարևան ժողովուրդների հետ փոխհարաբերման, հայ ռազմական և դիվանագիտական մտքի ուսումնասիրման տեսանկյունից: Արցախի պատմությունը Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմության» համապատկերին նոր գիտական հետազոտումների նյութ է` որպես արդիական կարևորագույն խնդիր:

ԼԵՌՆԻԿ   ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու