ԱՐԿԸ  ԽՓԱԾ  ՏԵՂԸ  ՉԻ  ԽՓՈՒՄ

/Պատմվածք/

Շատ բարձրում, երևի Աստծուն մերձ տարածքում, միալար դզզում էր անօդաչուն: Ուշանում էր պայթյունը՝ խնայելով ինչ-որ մեկին, որի մտքում այդ պահին գուցե թե իրենց տնամերձ բանջարանոցում ակոսի մեջ թեք ընկած բահն էր` ճիշտ ինչպես խրամապատին անփույթ հենած ինքնաձիգը: Մեկ ունկաչափ հեռավորության վրա անթիրախ Ճարճատյուն կար, որը Վանոյի աջ ականջի խլության մեջ լսելի չէր, դրա համար էլ նա ինքնաձիգի ճարճատյունից մեկ հերց բարձր ձայնով պատմում էր նախորդ մարտերից թերի մնացած խառը պատմություններ: Լարվածությունը մեղմելու լավագույն միջոցը Վանոյին չլսելն էր, հատկապես որ կրակահերթից մեկ հերց բարձր տեմբրով նրա ձայնը գերանդու նման սլլում էր՝ կասեցնելով խրամատ խուժող մահվան թանձր հոտը:

Այդ հոտը, ըստ հարևան Գարսևանի, ասկյարի դեռևս տաք մարմնից էր փչում: Գարսևանը՝ Գարսոն, թափանցիկ հիշում է, թե ինչպես Ղնանանց ծյորում յաշմայի գյոռբագյոռ եղած մարտիկի թանկարժեք զրահաբաճկոնը վրայից հանելիս քիթն ինքնիրեն փակվեց: Բնա՞զդ էր, անտեսանելի ձե՞ռք էր, ոսկրոտ մատներով սեղմեց քիթը, և ասկյարահոտը խոհեմաբար շրջանցեց նրան: Գարսոն պարզապես նախընտրեց շիկացած արկաբեկորներից ծակծկված իր բաճկոնը, որը քսանքսանի աշնանային պատերազմի ժամանակ Ջեբրայիլից էր բերել, հասցրել մինչև Ղլիջբաղ:

Իրենց գյուղի՝ Ղլիջբաղի անունը միշտ էլ սխալ ծագումնաբանությամբ են մեկնաբանում: Պատմության գիտակներ գյուղում կան՝ ընկեր Աշոտը, ընկեր Դավիթը, որոնք թեև մանկավարժի կրթություն չունեն, բայց հենց նրանք վիճելու հիմքեր բացահայտեցին, ապացուցող փաստեր առաջ բերեցին առ այն, որ հնուց ի վեր՝ դարեր, թե հարյուրամյակներ առաջ, Ղիլիջ-Կիլիչ անունով մի բազկահաստ հայ սարալանջին հիմնել էր ապագա գյուղն ու այն իր անվամբ կոչել: Հետագայում ֆեյսբուքյան մի կրքոտ բանավեճից Գարսևանն իմացավ, որ Ղլիջբաղը թուրքերեն կիլիչ-թուր բառարմատից է: Եվ երբ այս տարբերակը գյուղում սկսվեց շրջանառվել, բոլորը հանկարծ հիշեցին ու համաձայնեցին, որ իրենց գյուղը միշտ էլ թրի նման հատու է եղել ասպատակող վաչկատունների  դեմ, դրա համար էլ հարթավայրի լեզվով սազացրել  են տեղանունը:

Վանոն՝ ականջի մեկը խուլ, ունկաչափ հեռվից լսվող ինքնաձիգի համառ ճարճատյունին դիմադարձ, մեկ հերց բարձր տեմբրով վստահաբար հետ էր մղում խրամատ խուժող մահվան թանձր հոտը: Այդ դավադիր սպասման մեջ բջջային հեռախոսի զանգն անգամ լսելի չէր, մինչև որ զինվորական տաբատի գրպանը խուտուտ տվող անաղմուկ վիբրացիան չկսմթեց հեռախոսատիրոջը: Զանգը, որ այս անգամ ավելի համառ էր, գյուղապետից էր: Գարսոն դժգոհ տագնապով հարցրեց՝ ի՞նչ է եղել: Գյուղապետն անքնությունից ու թերսնումից խռպոտված բասով ականջից դուրս գոռաց՝ գյուղը տարհանում ենք, վերևից հրահանգ կա: Խնդրաձայն հրամայեց՝ դիրքերը կպահեք այնքան, մինչև վերջին մարդը դուրս կգա: Հետո տխրաձայն հայհոյեց՝ տեղեկատվություն ունենք, որ ազըրական յաշման փորձում է ենթաշրջանի գյուղերը շրջկենտրոնից կտրել, շրջապատման մեջ առնել ու բնաջնջել տեղի հայերին:

Գյուղապետի տագնապն սպասելի էր, բայց ի՞նչ էր նշանակում բնաջնջել տեղացի հայերին․․․ Ղլիջբաղում յաշման, անգամ նրանց նախորդները, երբեք ոտք չեն դրել: Նուբար հասին, էդ ե՜րբ էր, պատմում էր, որ Նիկոլայ թագավորի թվին Աղդամից թուրքերի հարձակման ժամանակ իրենք փախել էին Արջաձոր, իսկ տղամարդիկ մնացին ու թուրքերին հետ տվին: Նույնն էլ հիմա կլինի: Գարսոն գլուխը չբարձրացնելով՝ նայեց երկնքին, որտեղ շատ բարձրում, երևի Աստծուն մերձ տարածքում միալար դզզում էր անօդաչուն՝ տարօրինակ ձևով շարունակելով  շանթեր չարձակել:

Գարսոն Վանոյի ձայնի հերցով հեռախոսի մեջ պոռթկաց․

-Խաչո՛, մեր ընտանիքներին տիրություն կանես, անվնաս կհասցնես Ստեփանակերտ: Մենք յաշմայի դեմը կփակենք: Լսո՞ւմ ես, Խաչո՛, մեր ընտանիքներին անտեր չթողնես: Խաչատո՛ւր, Խաչո ջան, ցավդ տանեմ, եթե մեր ընտանիքներին բան եղավ, քեզ կրակի բերանն եմ տալու․․․

Գյուղի վրայի ճերմակ ամպագունդը քամուց, թե ինքն իր փրփուրների հետ անմտորեն խաղալուց՝ ցրվեց, տարածվեց գյուղի վրա, ծածկեց արևի փոքրացող սկավառակը: Գյուղի ձայները խրամատներում լսելի չէին, բայց երբ հեռադիտակով բազմաչք տնտղեցին հարազատ փողոցները՝ խուճապ տեսան և քիչ էր մնում իրենք էլ խուճապի մատնվեին:

Գարսոն ափի մեջ մի բուռ հող առավ, մատների մեջ ճզմեց ու քսեց շուրթերին: Աշնան բուրմունք կար հողի խոնավության մեջ՝ խոտի, ծաղկի, կենդանի ծառարմատի:  Լեզվի ծայրով հողը թացացրեց ու թքեց․

– Դիրքը լքող չլինի: Չսպանվեք, մինչև մերոնք ապահով տեղ չհասնեն:

– Ո՞ւր պիտի հասնեն, Գարսո՛, թուրքն ամենուր է,-ականջը վիրակապոտ ափով շփելով, հարցրեց Վանոն,-ինչի՞ են գյուղից դուրս գալիս, ո՞ւմ հրամանն է:

-Վերևի՛,-ոտքերի տակի քռեճները չարացած կոխկրտելով՝ ասաց Գարսոն,-վերևներից է  հրամանը եկել:

Օդում անօդաչուի բզզոցը կարծես ուղիղ գլխավերևից էր: Վանոն նայեց բզզոցի ուղղությամբ, հայացքը գամեց մի կետի և աչքերով հենվեց դրան: «Վերևնե՜րից․․․»,- ծոր տվեց անհասցե ու մտքերի մեջ միայնակ դեգերում էր: Տարիներ առաջ Երևանից արշավախումբ էր եկել իրենց գյուղ, հին խաչքարեր էին փնտրում: Նրանց ինքն ուղեկցեց մինչև Նահատակի սրբավայրը, ուր ամեն տարի, աշնան սկզբին, հավատացյալ գյուղացիներով  գնում էին մատաղի: Ե՞րբ են նահատակվել, հանուն ինչի՞ և ովքե՞ր են եղել նրանք՝ ոչ ոք չգիտեր: Նահատակի սրբավայրում մամռակալած, գունաթափ շիրմաքարեր շատ կային: Դրանցից մեկի վրայից մաքրեցին հողն ու մամուռը, կարդացին փորագիր գրությունը՝ ՌՋԻԶ: Գրածից, իհարկե, Վանոն բան չհասկացավ, ենթադրեց, որ դա որևէ ղլիջբաղցու նախանախապապի գերեզմանն է, գուցե և իր նախանախապապի:

Ասաց՝ Գարսո՛, պատկերացնո՞ւմ ես, մի երեք հարյուր տարի հետո մեր ծոռնեծոռները կգան, այս խրամատը  կփորեն, մեր ոսկորները կգտնեն ու կասեն՝ մեր նախապապերն են այստեղ նահատակվել:

-Էշ-էշ դուրս մի տուր,-նրան խեթեց Գրիշիկը,- ինչի՞ պիտի մեր ոսկորները մնան այս խրամատում, ո՞վ է ասել, որ բոլորս այս խրամատում ենք  թաղվելու: Գյուղում հանգստարան չունենք, ի՞նչ է:

Գրիշիկը գնդացրորդ էր, երկու եղբայր ուներ, որոնց Միշա և Յաշա անունները աղավաղելով՝ գյուղում Մեշոկ ու Յաշիկ էին անվանում: Վանոն զվարթ նայեց Գրիշիկին ու դարձավ Գարսևանին․

– Հիշո՞ւմ ես, Գարսո՛, ինտերնետում մի վիդեո կար, դու էիր ցույց տվել: Էն երևանցի տղան, որ  խրամատում կրակում էր ու կողքինին ասում՝ կայֆ ա, չէ՞, ապեր:

– Կայֆ ա, Վանո՛, հեսա որ բեսպիլոտնիկը գլխիդ դմփացնի, իսկական կայֆ կլինի,- դարձյալ նրան խեթեց Գրիշիկը:

– Կուտի՜․․․,-Վանոն հերսոտ քորեց շեքը:

Գյուղի վրայի ճերմակ ամպը դանդաղ տարրալուծվել էր լազուրի մեջ, ու արևի փոքրացող սկավառակը կրկին սկսել էր շողալ: Արևի ճառագայթների միջից մի սև կետ պոկվել, տեսանելի լողում էր երկնի անհունում: Անօդաչուի բզզոցն ունկերի համար ավելի լսելի էր դարձել: Գարսոն զրահաբաճկոնի գրպանիկներից հանեց նռնակներն ու դրեց խրամեզրին:

Հեռադիտակով այլևս չէր երևում նոսր անտառաշերտով ձգվող մեքենաների քարավանը, երևի տեղահանված համագյուղացիները յաշմայի մարտիկների կողմից չդիտարկվող սարալանջն արդեն անցել էին: Գարսոն զանգեց գյուղապետին, բայց վերջինս ոնց որ բջջային կապի ծածկույթից դուրս էր, զանգերը տեղ չէին հասնում:

-Տելեկոմի՜դ մերը,-հայհոյեց մտքում, թեպետ բջջային օպերատորը դրանում մեղք չուներ․ թշնամու արկն անսպասելի ցատկեց իրենց գլխավերևով և պայթեց անհասցե մի տեղ: Բոլորը միանգամից կռացան՝ սսկվելով խրամատի մեջ: Գիտեին՝ հիմա կսկսվի ականանետային կարկուտը, որն իսկապես չուշացավ:

Որոտների մեջ լսելի չէր անօդաչուի բզզոցը, և բոլորը հասկացան՝ բայրաքթարն ինչ-որ կարևոր հենակետի խփել, հեռացել է: Փոշին, քրտինքը, արյունը խառնվել էին իրար: Յաշմայի լայնաթիկունք ասկյարը միայնակ, աներկյուղ մտավ իրենց խրամատի մեջ ու դիմահար կրակեց Վանոյի վրա: Գարսոն փոշու և ծխի միջից տեսավ ազյարի մարտիկի գայլային հայացքը․ ինքնաձիգի փողն այդ ուղղությամբ էր արդեն, և առանց նշան բռնելու սեղմեց ձգանը: Լայնաթիկունք ասկյարն աղաղակելով, արնածոր դեմքով ընկավ խրամատի հատակին:

Գարսոն կանչեց տղաներին՝ պատասխանող չկար: Հասկացավ, որ աջ կողմից ևս ասկյարները խրամատ են խուժել և տեղում գնդակահարել նրանց: Մի ակնթարթում՝ աչք ճպելու ժամանակահատվածում, գնահատեց իրավիճակն ու արագ ցատկեց խրամատից դուրս: Ականջի մոտով գնդակ չսուլեց, հետևից սաստող կանչ չկար, դիմացը Դերուն տան ժայռափոր անձավն էր, որից նեղ անցուղի կար դեպի դիմացի ժայռը: Երեխա ժամանակ այդտեղ տարեկիցներով մարտական խաղեր էին բեմադրում: Գարսոն անցուղիով սողեսող դուրս եկավ, շնչակտուր վազեց դեպի գյուղ:

Գյուղն ամայի-դատարկ էր, և միայն Նուբար հասու չալ կատուն դժգոհ մլավոցով դիմավորեց նրան: Գարսոն կատվին հայհոյանքով փոխադարձելու տրամադրություն չուներ, և Նուբար հասու կատուն պոչով դժգոհ հրաժեշտ տալով՝ ուրվականի պես միանգամից անհետացավ: Շատ բարձրում, երևի Աստծուն մերձ տարածքում, դեռևս միալար դզզում էր անօդաչուն: Հեռվում, սարի մազոտ ուսին, ոչ այն է՝ ծուխ, ոչ այն է՝ ամպի նոսր ծվեններ կային, և Գարսոն ուղղվեց դեպի այդ ծուխը: Վստահ գիտեր՝ արկը խփած տեղը չի խփում:

Հետևում, խրամափոսի վրա, անձավային խոնավ լռություն էր ծանրացել: Գարսոն ինքնաձիգի պահունակը ստուգեց ու տեսավ, որ պահունակում փամփուշտը վերջացել է: Առանց երկար մտածելու, ինքնաձիգը նետեց այդ լռության անձավի մեջ, որովհետև համոզված էր՝ դարեր, թե հարյուրամյակներ հետո, երբ Տեփնանց տափում պեղումներ կատարեն, անթաղ մնացած լռությունը պատմելու շատ բան կունենա:

Գրպանի մեջ բջջային հեռախոսը մարտկոցի վերջին շնչով կսմթեց նրա հոգնած ազդրը, բայց Գարսոն անհաղորդ մնաց զանգին: Նա ոչ ոքի ասելիք չուներ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ