Արցախցի մարզիկ Դավիթ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, ներկայացնելով Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիան, մասնակցել է հունվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված GFP-1 (Georgian Fighting Promotion) կազմակերպության պրոֆեսիոնալ մենամարտերին: Ոգեւորիչ մենամարտի ընթացքում Դավիթ Խաչատուրյանն ապացուցել է իր գերազանցությունը եւ տակտիկական հմտությամբ հաղթել վրացի մրցակցին:
Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1997թ. մայիսի 28-ին Երեւանում: Մի քանի տարի հետո նրա հայրը՝ Շուշին ազատագրող Ազգային հերոս Աշոտ Խաչատուրյանը, աշխատանքի բերումով ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Դավիթը սովորել է Ստեփանակերտի հ.2 հիմնական., ապա՝ 11-րդ ավագ դպրոցներում: Ավարտել է ԱրՊՀ մանկավարժության եւ սպորտի բաժինը: 2016-2018թթ. ծառայել է Արցախ Հանրապետության ՊԲ ԿՊՇ-ում: Դավիթ Խաչատուրյանը 2014թ. ՀՀ մուայթայի առաջնության չեմպիոն է, սանդա ուշուի Արցախի չեմպիոն, Հայաստանում կայացած մուայթայի միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2016թ. MMA-ի ՀՀ չեմպիոն: Արցախի MMA-ի ֆեդերացիայի մարզիչ Դավիթ Խաչատուրյանը 2023թ.-ից աշխատում էր Ստեփանակերտի հ.1 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
– Դավի´թ, ինչպե՞ս սկսվեց Ձեր մարզական ուղին:
– Փոքր տարիքից զբաղվում էի թաեքվոնդոյով: Դեռ փոքր էի, երբ մայրս ինձ տարավ մարզական խմբակ: Մանուկ հասակից սեր ունեմ դեպի սպորտը: Որոշ ժամանակ թաեքվոնդո պարապելուց հետո սկսեցի մուայթայ պարապել: Ինձ դուր է գալիս այդ մարզաձեւն իր յուրատիպ կոպտությամբ, հատկապես որ կարող ես աշխատել ութ վերջույթով: Ավելի շատ նախապատվություն եմ տալիս պրոֆեսիոնալ մենամարտերին:
2016-ից հետո սկսեցի պրոֆեսիոնալ մարզվել խառը մենամարտեր MMA մարզաձեւով` մարզիչ Գարեգին Աղաբալյանի մոտ: Խառը մենամարտերը մարտական, ոչ օլիմպիական, ֆուլկոնտակտ մարզաձեւ է, որում կարելի է ուղղահայաց ու հորիզոնական դիրքերում կատարել հարվածներ ու բռնվածքներ: Դա մարտարվեստ է, որում առկա են բռնցքամարտի, ըմբշամարտի, բրազիլական ջիու-ջիցուի, ձյուդոյի, մուայթայի եւ այլ մարտարվեստների բաղադրիչներ: Մասնակցելով մրցաշարի եւ հռչակվելով ՀՀ չեմպիոն ցանկություն ունեցա շարունակել իմ մարզական ուղին պրոֆեսիոնալ մենամարտերի գծով:
– Շրջափակմամբ պայմանավորված սահմանափակումները հավանաբար վատ անդրադարձան Ձեր մարզական կարիերայի վրա:
– Ցավոք, այո, քանի որ հնարավոր չէր մասնակցել Արցախից դուրս կազմակերպվող պրոֆեսիոնալ մրցաշարերին: Ստեղծված պայմաններում մոտիվացիա գրեթե չկար, շուրջ մեկ տարի գրեթե չէի պարապում: Ճիշտ է, աշխատում էի ինձ վրա, որ չկորցնեմ մարզական լավ վիճակս, բայց մարզական կարիերայում հետընթաց ունեցա: Նույնը, սակայն չի վերաբերվում մարզչական կարիերային, քանի որ նույնիսկ սննդի պակասության դեպքում մեր մարզիկները պարտաճանաչ հաճախում էին մարզումների, իսկ ես ամեն կերպ ձգտում էի,որ պարապմունքները չդադարեն: Ցրվելու միակ միջոցն այդ ընթացքում թերեւս մարզումներն էին: Աշխատում էի դպրոցում որպես ուսուցիչ եւ միաժամանակ մարզչական գործով զբաղվում:
– Բռնի տեղահանվելուց հետո շուրջ երեք ամիս չէիք պարապում: Արդյոք հե՞շտ էր վերականգնել մարզավիճակը եւ պրոֆեսիոնալ մրցաշարի մասնակցել:
– Տեղահանվելուց հետո որոշ ժամանակ չէի կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել սպորտին, քանի որ առաջնային խնդիրներ կային, որոնց լուծումը հետաձգել չէի կարող: Կատարում էի տարբեր աշխատանքներ, նույնիսկ, բանվորական, որպեսզի կարողանայի հոգալ առաջացած ֆինանսական խնդիրները: Հետո աշխատանքի ընդունվեցի Հերացու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում՝ որպես հերթապահ կինեզիստ:
Մարզիչս՝ Գարեգին Աղաբալյանը, շարունակում էր մարզումները Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայում: Շուրջ քսան օր էր մնացել մրցաշարին, երբ նա ինձ հարցրեց, թե արդյոք կարո՞ղ եմ մասնակցել մրցաշարին: Ես համաձայնեցի, բայց պետք էր ակտիվ ու անխնա մարզվել: Այդ ընթացքը համընկավ ամանորյա արձակուրդի հետ, որի պատճառով մարզադահլիճը փակ էր, այսինքն՝ մրցաշարին պատրաստվելու համար ստիպված էի մարզվել դրսում՝ մինչ մարզադահլիճում պարապելու հնարավորություն կլիներ: Տարուց ավել էր, ինչ մրցաշարի չէի մասնակցել, քաշս պետք էր համապատասխանեցնել, մարզավիճակս՝ նույնպես: Ձմռան ցրտին դրսում մարզվելը հանգեցրեց նրան, որ առողջական խնդիրներ ունեցա: Իսկ պատրաստվելու ժամանակը քիչ էր: Մի պահ կասկածեցի, որ հնարավոր է չստացվի մասնակցելս, բայց բարեբախտաբար մրցաշարը հետաձգվեց մի քանի օրով: Հակաբիոտիկներ օգտագործեցի եւ հասցրեցի վերականգնվել, աշխատել քաշիս վրա:
– Պատմեք մենամարտի մասին:
– Հայաստանից Հանրապետությունից մասնակցեցինք երեք մարզիկ: Մեզ հետ էին մարզիչներ Գարեգին Աղաբալյանն ու Ստեփան Շահմուրադյանը: Պետք է մասնակցեի 66 կգ քաշային կարգում: Այնպես ստացվեց, որ այն մրցակիցս, որի հետ պլանավորված էր մենամարտս, մեկ օր մնացած հայտնեց, որ վնասվածքի պատճառով չի մասնակցելու մենամարտին: Շատ տխրեցի, հատկապես որ, անխնա պատրաստվել էի: Հետո վրացի մարզիկ գտնվեց, որը համաձայնվեց մենամարտել ինձ հետ, սակայն քաշով ավելի ծանր էր: Մեկ օրվա մեջ քրտնաջան պարապմունքների արդյունքում կարողացա հասնել նրան, որ պայքարեցի 70 կգ քաշային կարգում: Մրցակիցս բավականին ուժեղ էր, բայց մենամարտի ժամանակ ֆիզիկապես պասիվ էր: Ինձ հաջողվեց տակտիկապես ավելի ուժեղ գտնվել եւ հաղթել նրան: Մենամարտը տեւեց երեք ռաունդ, միավորների առավելությամբ հաղթանակը տրվեց ինձ: Մրցաշարին մասնակցող թիմակիցներիս չհաջողվեց հաղթել:
– Ձեր մարզված լինելը նշանակություն ո՞ւնի վերականգնողական կենտրոնում աշխատելու համար:
– Հերթապահ կինեզիստ աշխատելու համար ֆիզիկապես ուժեղ լինելը ցանկալի է, քանի որ աշխատանքը վերականգնողական կենտրոնում ներառում է բուժվողների օգնություն ոչ միայն կոնկրետ բուժիչ ֆիզկուլտուրայի կամ այլ վերականգնողական վարժություններ կատարելու ընթացքում, այլ ընդհանրապես օգնություն նրանց վերականգնողական կենտրոնում գտնվելու ժամանակ: Նրանցից շատերը ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեն կամ շարժվում են անվասայլակի միջոցով, իսկ հերթապահ կինեզիստը պետք է օգնի նրանց: Բացի այդ, անհրաժեշտ է լավ անատոմիա իմանալ, հասկանալ, թե ինչպես է աշխատում մարդու հենաշարժիչ համակարգը, որպեսզի թյուրիմացաբար չվնասես հիվանդին: Սպորտով պարապելու ընթացքում բնականաբար ձեռք են բերվում թե´ գիտելիքներ, եւ թե´ ֆիզիկական ուժ, ինչն էլ, անշուշտ, պետք է գալիս աշխատանքի մեջ ընթացքում: Իսկ ավելի շատ մոտիվացնում է այն հանգամանքը, որ թե´ կենտրոնում աշխատող անձնակազմը, թե´ բուժառուները ոգեւորված հետեւում էին իմ մենամարտին եւ ուրախ էին իմ հաղթանակի առթիվ: Ես էլ իմ հերթին ոգեւորված եմ, որ աշխատում եմ նման հաճելի մթնոլորտում եւ կարողանում եմ մի բան էլ ավել անել ու դրական հույզեր տալ իմ հաղթանակով:
– Առաջիկայում շարունակելո՞ւ եք մրցաշարերի մասնակցել:
– Հնարավորության դեպքում, իհարկե, շարունակելու եմ: Որոշ վնասվածքներ ունեմ, հիմա դեռ դրանք եմ հաղթահարում: Դրա հետ մեկտեղ հաշվառման թղթաբանության հետ կապված հարցեր կան, որոնք պետք է լուծել, որից հետո մտածել մրցաշարերի մասին: Օգտվելով հնարավորությունից շնորհակալական խոսքս եմ ուղղում իմ ընտանիքին: Շնորհակալություն, որ հավատացել եք իմ հաղթանակին: Կողքից ասում էին, որ կարճ ժամանակում պատրաստվելը կարող է ցանկալի արդյունք չտալ, բայց մայրս եւ եղբայրս հավատում էին ինձ: Շնորհակալություն եմ հայտնում մարզիչներ Գարեգին Աղաբալյանին ու Ստեփան Շահմուրադյանին, ինչպես նաեւ իմ սպորտային ընկերներին, որոնք «տանջել են» ինձ մարզումների ժամանակ, բայց այդպիսով օգնել մենամարտում հաղթելու համար: Նաեւ փառք Աստծուն փառք, որ ուժ եւ հաղթելու ոգի է տվել:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ