Իրավիճակով պայմանավորված՝ առավել եւս վերջերս ավելացել են հերթերը (մասնավորապես հացի հերթերը), դրա հետ միասին շրջափակման ծանր հետեւանքները, մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական հյուծվածությունը, դյուրագրգռականությունը՝ հաճախ արտահայտված նյարդային ու ոչ ադեկվատ պահվածքով: Ոչ մեկս էլ ապահովագրված չենք, որ ծանր սթրեսային (սովի, արտաքին ու ներքին վտանգների) պայմաններում կարող ենք մեզ զուսպ պահել, այնուամենայնիվ ինքնատիրապետողները դեռ մեծամասնություն են կազմում, ինչը ուրախալի է: Հերթերը շատ բան վեր հանեցին մեր քաղաքացիների մոտ ինքնաարտահայտվելու, իրական դեմքերը ցուցադրելու առումով: Կան մարդիկ, որոնք հերթերում առանձնանում են կատարյալ համբերություն եւ զսպվածություն ցուցաբերելով: Հատկանշական է, որ այդ հաճելի մարդկանց շարքին են դասվում մարտարվեստի մարզիչներ ու շատ մարզիկներ, որոնք օրինակ պետք է ծառայեն շատերի համար: Բայց զուսպ վարքագիծ դրսեւորելը հերթում դեռ հիմք չէ, որ մեկ այլ ագրեսիվ կամ ոչ ադեկվատ քաղաքացու կողմից նույն հերթում չենթարկվես քաշքշուկի, պատահական չհայտնվես որեւէ մեկի հարվածի տակ, ունկնդիր չլինես անարգանք պարունակող տհաճ արտահայտությունների:
Առավել քան հիմա արդիական է դառնում ինքնապաշտպանության հնարքների տիրապետելը, այլապես հացի գնալը դառնում է անկանխատեսելի հետեւանքներով արկածների մեջ ընկնելու վտանգավոր երեւույթ: Մեզ ուղղակի անհրաժեշտ են դառնում ինքնապաշտպանության հմտություններ սովորեցնող կառույցները, մարտարվեստների դպրոցների հիմնադրումն ու զարգացումը, հոգեւոր, մտավոր, բարոյական դաստիարակություն տալու եւ ստանալու հնարավորությունների մեծացումը: Իսկ մինչ այդ ներկայացնում ենք որոշ սկզբունքեր, որոնց հետեւելը կարող է օգնել ընդհարումներից խուսափել:
Ուշադրություն. այս հոդվածը ներածական է: Ինքնապաշտպանության տեխնիկան կիրառել կարողանալու համար անհրաժեշտ են մարզչի կամ հրահանգչի ղեկավարությամբ մարզումներ: Պարզապես բարի եղեք ինքներդ ձեր եւ շրջապատի հանդեպ հատկապես այս դժվար ժամանակ:
Այսպիսով, ի՞նչն է կարեւոր հիշել, եթե խոսք է գնում ինքնապաշտպանության, փողոցում կոնֆլիկտային իրավիճակների եւ նման թեմաների շուրջ:
Կոնֆլիկտի աստիճանները:
Սովորաբար կոնֆլիկտները բաժանում են երեք աստիճանի.
– Նախորդող՝ տեսողական կոնտակտ:
– Վերբալ՝ ձեզ մոտենում են եւ/կամ սկսում են սպառնալ բառերով կամ ժեստերով:
– Ակտիվ գործողություններ՝ ահավասիկ ընդհարում կամ ծեծկռտուք:
Իհարկե, այս հերթականությունը հարաբերական է, եւ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ, բայց ավելի հաճախ փողոցային կոնֆլիկտը զարգանում է հենց այս սցենարով: Եվ առաջինը, ինչից սկսում է ինքնապաշտպանությունը, կոնֆլիկտը կանգնեցնելու կարողության մեջ է, նախքան դրա ընդհարման վերածվելը, այսինքն՝ առաջին կամ երկրորդ աստիճանում:
Թերեւս այսպես. հիշենք մարտարվեստների ուժեղագույն վարպետներից մեզ փոխանցված պատգամը. լավագույն մարտն այն է, որը չի կայացել:
Ահա թե ինչու է կարեւոր, որ ինքնապաշտպանություն սովորողն անցնի նաեւ հոգեբանական դասընթացներ, որոնք միտված կլինեն մարդուն հոգեբանորեն նախապատրաստել կոնֆլիկտային այս կամ այն իրադրությանը: Մարտարվեստները հենց այդ գործառույթն են կատարում՝ սովորեցնելով մարզվողին ոչ միայն ֆիզիկական պաշտպանության տեխնիկա ու հնարքներ, այլեւ հոգեբանական կարեւորագույն հմտություններ, որոնք հղկվում են պարապմունք առ պարապմունք:
Դիտարկենք վինգչուն մարտարվեստը՝ որպես ինքնապաշտպանվելու արդյունավետ համակարգ:
Վինգչուն մարտարվեստում որոշակի ժամանակ է հատկացվում կոնֆլիկտի հոգեբանական աստիճաններին: Տեսողական եւ վերբալ փոխգործունեությունը հաճախ նախորդում է ծեծկռտուքին, եւ, եթե ճիշտ գործել, ապա կարելի է չհասցնել դրան:
Տեսողական եւ վերբալ փոխգործունեության ժամանակ կարեւոր է ցույց տալ մի կողմից հանգստություն, իսկ մյուս կողմից՝ որ չես վախենում կոնֆլիկտից: Ինչքան էլ որ վստահ լինեք ինքներդ ձեզ ու ձեր ճշմարտացիության վրա, այնուամենայնիվ չարժե առաջինն սկսել ընդհարումը, քանի որ ցանկացած բախում ռիսկ է: Բայց միեւնույն ժամանակ պետք է պատրաստ լինել դրան: Հոգեբանական ասպեկտը ակնհայտ է, եթե ինքնավստահություն չկա, ապա հոդվածով այն չես փոխանցի: Դա ձեւավորվում է մարզումներով, հոգեբանների հետ պարապմունքներով եւ ուրիշ ձեւերով:
Եթե կոնֆլիկտն անցել է երկրորդ աստիճան, ամենակարեւորը դառնում է հեռավորության եւ հակառակորդի ձեռքերի վերահսկողությունը:
Սա արդեն զուտ տեխնիկական պահերն են: Դուք պետք է ոչ միայն հանգիստ եւ վստահ երեւաք, այլ նաեւ իրոք վերահսկեք իրավիճակը: Դրա համար կարեւոր է պաշտպանել սեփական անձնական տարածքը, ինչպես նաեւ վերահսկողության տակ պահել հակառակորդի ձեռքերը: Դուք կարող եք նաեւ հետ կանգնել, եթե դա անհրաժեշտ է, բայց կարեւոր է բաց չթողնել այն պահը, երբ դադարում են ձեզ սպառնալ ու հարձակվում են: Ժամանակակից վինգչունում գոյություն ունի տեխնիկա, որը սովորեցնում է ինչպես պահել քեզ հենց այդ անցումային պահին, երբ ձեզ մոտեցել են ու դեռ չեն սկսել ծեծել, բայց իրենց պահում են վառ արտահայտված ագրեսիվ կերպով եւ կարող են ցանկացած պահի հարձակվել: Ժամանակակից վինգչունի ծրագրի հնարքները կատարելու միջոցով մարմինը սովորում է ճիշտ արձագանքել տիպիկ սպառնացող դիրքերին, որոնցից հակառակորդը կարող է գրոհել: Դա նշանակում է, որ այդքանը կիրառելով՝ դուք դեռեւս կարող եք կանխել ֆիզիկական կոպիտ բախումը:
Եթե դա չի հաջողվում, ապա կոնֆլիկտի երրորդ աստիճանում, այսինքն՝ ընդհարման մեջ կարող են օգնել մարզումների ժամանակ ձեռքբերված ու հղկված հմտությունները:
Եթե բռնել են ձեռքից կամ ձեռքերից, վզից՝ դիմացից կամ հետեւից, կարելի է օգտագործել ինքնապաշտպանության տարբեր հնարքներ, որոնք, իհարկե, այստեղ նկարագրելու իմաստ չկա: Վինգչունը ներառում է ժամանակակից մեթոդիկա, որի օգնությամբ արտահայտվում են տիպիկ հարձակողական կեցվածքներ, ինչպիսին են, օրինակ՝ բռնցքամարտային կեցվացքից գրոհելը, բնորոշ մենամարտային գցումներ կատարելու փորձերը, շրջանային հարվածներով գլխին հարվածելու փորձերը: Այս մարտարվեստում գործում է «նախքան թե» սկզբունքը: Այսինքն՝ ամեն ինչ որոշվում է ձեր արձագանքելու եւ գործելու արագությամբ:
Կարեւոր.
Վինգչունը, ինքնապաշտպանությունը, ցանկացած ուրիշ մարտարվեստ լավ է աշխատում միայն այն դեպքում, երբ դուք հստակ հասկանում եք, թե ինչ եք անում եւ այնքան եք մարզվել, որ ձեր շարժումները հասցրել եք ավտոմատիզմի: Դա հատկապես վերաբերում է կանանց: Չէ՞ որ նրանցից շատերը չունեն անհրաժեշտ հմտություն եւ ուժ: Հաճախ հենց կանայք են, որ մի երկու ամիս պարապելով մարտարվեստ կամ հաճախելով ինքնապաշտպանության մի քանի սեմինարների՝ լցվում են այնպիսի ինքնավստահությամբ, որ քիչ է մնում իրենց փորձեն իսկական ծեծկռտուքի մեջ հայտնվելով:
Բայց եթե դուք տղամարդ եք, դա էլ բավարար հիմք չէ բռունցքները չմտածված թափահարելու համար, նույնիսկ եթե զգում եք, որ դուք ճիշտ եք կամ հակառակորդը «առաջինն է սկսել»: Ոչ միայն նրա համար, որ ցանկացած ընդհարում լուրջ ռիսկեր է պարունակում՝ անկախ ձեր մարզավիճակից եւ ֆիզիկական զարգացածությունից: Այլ նաեւ նրա համար, որ օրենսդրության մեջ կա «անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների չարաշահում» հասկացությունը: Եթե դուք պաշտպանում եք ձեր կյանքը, հասկանալի է, որ այդ պահին կատարվող գործողության իրավական կողմը չէ, որ կարեւոր է: Բայց երբ խոսք է գնում միայն ձեր ամբիցիաների եւ ինչ-որ մեկի չափավոր ագրեսիվ գործողությունների մասին, կարեւոր է չտրվել սադրանքների, եւ օգտագործել ինքնապաշտպանության, քունգֆուի հնարքները կամ ուրիշ հմտություններ միայն ու միայն իրական վտանգի դեպքում:
Ինչպե՞ ս որոշել իրավիճակի լրջությունը՝ թեմայի համար պատրաստի բաղադրատոմս չկա, յուրաքանչյուր դեպք եզակի է, բայց որոշ ընդհանուր դրույթներ արժե նախապես ուսումնասիրել: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ