Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին: Որ այն լի է լինելու բազում խնդիրներով՝ կապված Արցախի տևական շրջափակման հետ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Թե ինչպես են հաղթահարվելու դժվարությունները, խնդիրների լուծման ինչ տարբերակներ կան, փորձեցինք պարզել ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ հարցազրույցում:
-Պարոն Մկրտչյան, նոր ուսումնականի նախաշեմին ավանդաբար անցկացվող ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններն այս տարի կազմակերպվեցին ոչ ավանդական ձևով՝ առցանց եղանակով: Ընդհանրացնելով քննարկումները՝ գլխավորապես ի?նչ հարցեր են առանձնացվել, ինչպիսի առաջարկություններ են եղել:
-Վերջին օրերին մենք բավականին ինտենսիվ առցանց շփումներ ենք կազմակերպել ինչպես շրջանների, այնպես էլ Ստեփանակերտի կրթության պատասխանատուների հետ ZOOM հարթակում՝ նպատակ ունենալով վեր հանել և իմի բերել այն բոլոր խնդիրներն ու խնդրահարույց հարցերը, որոնք կարող են խոչընդոտել նոր ուսումնական տարին սկսելու գործընթացին: Ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ խնդիրները գրեթե բոլոր տեղերում նույնական են: Դրանք հիմնականում վերաբերում են գրենական պիտույքների բացակայությանը կամ սղությանը, աշակերտների թերսնուցվածությանը, ներքաղաքային ուղևորատար, այնպես էլ միջբնակավայրային տրասնպորտի բացակայությանը: Լուրջ խնդիրներ կան նաև կադրային հարցերի հետ կապված: Այստեղ կարող եմ նշել նաև երթևեկող ուսուցիչների խնդիրը: Ունենք շուրջ այդպիսի 320 ուսուցիչ: Այսպիսով, առկա են բավականին լուրջ խնդիրներ, որոնց մի մասը առաջացել է շրջափակման հետևանքով, մի մասն էլ նախորդ տարիներից եկած խնդիրներ են: Եվ մենք պետք է ձգտենք աստիճանաբար դրանք հաղթահարել: Այդ հարցերը քննարկվել են լայն շրջանակներում, ինչպես կրթության պատասխանատուների, շահագրգիռ մարմինների, այնպես էլ երկրի ղեկավարության հետ և եկել այն եզրակացության, որ ամեն դեպքում սեպտեմբերի 1-ին պետք է սկսենք նոր ուսումնական տարին: 7-10 օրվա ընթացքում կիրականացնենք մշտադիտարկում, թե ինչ անհաղթահարելի խնդիրներ կան: Սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածը մեզ համար յուրահատուկ փորձաշրջան է. որը ցույց է տալու, թե մենք ի վիճակի? ենք շարունակել դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքը , թե? անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի գործունեությունը: Դրա համար հարցախույզի միջոցով դիտարկումներ կանենք՝ վեր հանելու ուսուցիչների, ծնողների, աշակերտների տրամադրությունները, անհաղթահարելի խնդիրները:
-Որոշումը տարածվելո?ւ է բոլոր դպրոցների վրա:
-Դրանք կլինեն լոկալ, տարբերակված մակարդակով: Այսինքն՝ տարբեր ուսումնական հաստատությունների վեաբերյալ կընդունվեն տարբեր որոշումներ: Մի խոսքով, մենք՝ կրթության պատասխանատուներս , մանկավարժական հանրույթը պատրաստակամ ենք սկսելու ուսումնական տարին: Բայց պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից : Գոյություն ունեն նաև օբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ իրականություն, որի հետ ակամայից պիտի հաշվի նստենք: Դրանից ելնելով ՝ ուզում եմ հորդորել մեր մանկավարժական հանրույթին պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այս գործընթացի նկատմամբ, քանի որ ուսումնական խնդիրները լուծելուն համընթաց պիտի նաև զբաղվենք խոր հոգեբանական աշխատանքներով: Գիտենք, որ թերսնվածությունն իր խոսքն ասելու է, և ունենալու ենք բավականին լուրջ խնդիրներ աշակերտների ինքնազգացողության հետ կապված: Դրա համար պետք է լինենք ավելի ուշադիր, հետևենք աշակերտների պահվածքին, նրանց առողջական վիճակին: Շարունակելով այս թեման ՝պիտի նաև նշեմ, որ ունենք բավականին լուրջ հարցեր՝ կապված դեղամիջոցների բացակայության հետ: Մեր դպրոցների բուժկետներում ունենք լուրջ հարցեր ախտահանիչ նյութերի հետ կապված՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար: Ճիշտ է , ունենք որոշակի քանակությամբ պաշար, բայց դա բավական չէ ամբողջ տարվա համար:Դրա համար դիմել ենք մեր երկրի ղեկավարությանը, որպեսզի միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով գոնե այս հարցը լուծենք: Թերսնուցվածության հարցը լուծելուն ուղղված ձեռնարկում ենք քայլեր: Երկրի ղեկավարությանն առաջարկվել է գոնե նախադպրոցական խմբի և 1-4-րդ դասարանների երեխաների համար օրական տրամադրել կարկանդակներ ՝նրանց մեկական բաժանելու համար:Դրանով գոնե կթեթևացնենք ծնողների մտահոգությունը՝ իմանալով, որ երեխանեը դպրոցում ստանում են որոշակի սնունդ:
Խնդիրները շատ են, բայց մենք ամեն ինչ անելու ենք դրանք հաղթահարելու համար:
Նույնը վերաբերում է նաև բարձրագույն և միջին մասնագիտական ու արհեստագործական կրթությանը: Մեր հաշվարկներով 4000 ուսանողներից 1800-ը շրջաններից են: Սա էլ է լուրջ խնդիր: նախ՝ տրանսպորտի բացակայությունը ազդելու է հեռավոր բնակավայրերից ուսանողների ներկայությունն ապահովելուն: Ի վերջո, նաև պիտի լուծենք նաև նրանց պարենի խնդիրը, երբ Ստեփանակերտում այս սուղ պայմաններում հացի խնդիրը սուր է: Նաև այս ուղղությամբ աշխատանքներ պիտի տանենք թեթևացնեու համար առաջացող սոցիալական և պարենային լարվածությունը: Ներկայում խնդիրները հիմնականում դրանք են, և մենք պետք է միասին, համատեղ ուժերով , փոխգործակցելով տարբեր կառույցների հետ, լուծենք:
-Դատելով անցյալ տարվա փորձից՝ ներքին մի ձայն հուշում է, որ մեր գյուղական համայնքները թույլ չեն տա, որ երեխաների կրթության գործը կասեցվի: Դուք նշեցիք լոկալ լուծումների մասին, հավանաբար նաև դա նկատի ունեք:
– Սեպտեմբերի 1-ից կդադարեցվի հանրապետության մանկապարտեզներին սննդամթերքի հատկացումը: Բայց այն մանկապարտեզները, որտեղ կա սննդի որոշակի պաշար ու նաև հասարակության կողմից օգնության ցանկություն, ոչ մի խնդիր չենք տեսնում, նրանք կարող են շարունակել իրենց գործունեությունը: Շոշ գյուղում, օրինակ, հասարակությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել մանկապարտեզին: Ինձ թվում է, որ մյուս համայնքներում ևս նման նախաձեռնություններ կլինեն: Սեպտեմբերի 1-ից փաստորեն սննդի մատակարարումն է դադարեցվում, այլ ոչ թե մանկապարտեզների գործունեությունը: Ովքեր ի վիճակի են, կարող են շարունակել:
– Նույն ձևով՝ հավանաբար նաև դպրոցները: Գիտենք, որ վառելիքի սղությամբ կամ բացակայությամբ պայմանավորված՝ դպրոցների ջեռուցումը դժվար է լինելու և այդ պատճառով հնարավոր է կասեցվեն պարապմունքները, բայց՝ ոչ բոլոր տեղերում: Անցած տարի ձմռանը Խնուշինակի դպրոցը լավ օրինակ ցույց տվեց: Նրանք ոչ մի օր չդադարեցրին դասապարոցեսը: Ծնողները հավաքվել, իրենց տներից փայտ ու վառարաններ են բերել և ապահովել դպրոցը:
-Այո, ամեն ինչ կախված է ինքնակազմակերպումից: Մենք պետք է խրախուսենք լավ նախաձեռնությունները: Համայքներում այս հարցը լուծելը ավելի հեշտ է: եթե անգամ դպրոցում հնարավոր չլինի դաս անել, կարող են ուսուցչի հետ միասին հավաքվել մեկի տանը և պարապել:
Այս հարցում ես ակնկալում եմ մեր լրատվամիջոցների ակտիվ լուսաբանումը, որպեսզի դրական օրինակները, լավ նախաձեռնությունները տարածեն:
-Անդրադառնանք նաև այն հարցին, թե կոնկրետ ինչպես եք տեսնում այս կամ այն խնդրի լուծումը:
– Ինչպես արդեն նշեցի, խնդիրների առաջին շարքում դասագրքերի պակասությունն է: Բայց չեմ, կարծում, թե դա դժվար լուծվող հարց է: Շատ դպրոցների գրադարաններում ավելցուկ դասագրքեր կլինեն: Տնօրենները ներքին փոխանակումներ պետք է անեն: Անցյալ տարի այս մեթոդով Մարտունու շրջանի դպրոցներն իրենց դասագրքերի պակասը լրացրել են: Օգոստոսյան խորհրդակցություններում, օգտվելով առիթից, որ բոլոր դպրոցների տնօրենները ZOOM հարթակում են, կոչ եմ արել գրել ինչ պահանջարկ ունեն, բայց՝ իրատեսական:
Գրենական պիտույքների պակասությունը նույնպես իրեն զգալ է տալու, բայց սա էլ լուծվող հարց է. Յոլա կգնան հին տետրերով: Ամենադժվարը մասնագետների հարցն է: Սա հին ցավ է, որ գնալով խորացել է:
Պարտադիր չէ, որ նա անպայման մանկավարժական ավարտած լինի: Հիմա մենք թույլատրում ենք հարակից մասնագիտություններով և թոշակառու ուսուցիչների ներուժն օգտագործել: Անգամ առաջարկել եմ զորամասի ներուժն էլ օգտագործել: Հրետանավորները լավ մաթեմատիկոսներ են:
-Մի քանի խոսք նաև հանրակրթությանը սպասվող բարեփոխումների մասին, ինչի կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով:
– Մենք շատ ծանր իրավիճակում ենք սկսել այս բարեփոխումների գործընթացը: Հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է գումարել : Բավականին առաջադեմ որոշումներ ենք ընդունել: Կարող եմ մի քանիսի մասին տեղեկացնել:
2024թ. բյուջեին կներկայացնենք բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների՝ անկախ ժամաքանակից, մեկ դրույքաչափով վարձատրության հարցը: Ուզում ենք կրճատել դրույքաչափը՝ 22 ժամից դարձնելով 18, որը որը ևս կնպաստի մոտ 20 տոկոսով աշխատավարձերի բարձրացմանը: Բնագիտական առարկաների գծով մանկավարժական մասնագիտություններում սովորող ուսանողների կրթաթոշակը կսահմանվի 70 հազար դրամ: Մշակվում է ուսուցիչների վերապատրաստման նոր հայեցակարգ:
Աշակերտի և ուսուցչի վարքականոններն ենք մշակել, հիմա գտնվում են փորձագիտական փուլում: Մշակել ենք օրինակելի պայմանագրի տարբերակ , որը պետք կնքվի դպրոցի տնօրենի և ծնողի միջև, որտեղ սահմանվում են դպրոց-ծնող իրավահարաբերությունները: Տարբեր ծրագրեր կան ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
-Նոր ուսումնականում կլինե?ն նորություններ առարկայացանկում:
-Հայ ժողովրդի պատմությունՙ առարկայի ենթատեքստում ներդրել ենք ՚Արցախի պատմությունՙ -ը 6-9-րդ դասարանների համար: ՚Հայ եկեղեցու պատմությանՙ շրջանակում նոր ծրագիր ենք մտցրել՝ ՚Աստվածային հրաշքները, որոնք Արցախում ենՙ:
-Ձեր մաղթանքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
– Մեր գերատեսչության առաքելությունն է՝ ամեն գնով ապահովել աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը: Մեր այս դիրքորոշամբ միջազգային հանրությանը ցույց կտանք, որ չնայած բոլոր դժվարություններին, արցախցիների՝ կրթության նկատմամբ վերաբերմունքը շարունակում է առաջնահերթ մնալ: Յուրաքանչյուրս պետք է լինենք պատասխանատու մեր գործունեության ասպարեզում, ամեն ինչ անենք որ մեր աշակերտները մեծանան՝ հավատարիմ մեր ազգային արժեքներին, նվիրված լինեն մեր հայրենիքին, պարզապես լինեն հայրենասեր քաղաքացիներ:
Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, նորից պիտի դիմավորենք հանդիսավոր պայմաններում: Հերթական անգամ դպրոցական առաջին զանգը կղողանջի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձի նախօրյակին: Նոր ուսումնականի առաջին դասը կրկին կլինի Անկախության դասը, որն ուսուցանում է հայրենապաշտություն, ազատասիրություն և անձնվիրություն: Մաղթում եմ վճռականություն, ամուր կամք, ուժ ու կորով բոլորին:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ