Բարի՜ և խաղաղ երթ, նոր՝ 2023-2024 ուսումնական տարի

Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգի հանդիսավոր արարողությամբ Արցախի բոլոր դպրոցներում

տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:

 Այդ կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորանքի ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. ՚Այս ուսումնական տարին մեկնարկում ենք չափազանց դժվար` Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման իրավիճակում, ինչի արդյունքում հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ այսօր զրկված են կրթության իրավունքն իրացնելու տարրական պայմաններից։ Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները , սակայն, չպետք է ստիպեն մեզ նահանջել ու հուսահատվել։ Ընդհակառակը, առավել մեծ նախանձախնդրությամբ ու հաստատակամությամբ պետք է տրվել գիտելիքի ու հմտությունների յուրացմանը, քանզի ժամանակակից աշխարհում արժանապատիվ ապրում են այն ազգերն ու պետությունները, որոնք գնահատում են որակյալ կրթությունն ու գիտելիքը։

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջինցիներին։ Նրանք խիստ անսովոր պայմաններում են սկսում իրենց ճամփորդությունը դեպի գիտելիքի անհուն ու զարմանահրաշ աշխարհ։ Թող ընթացքը լինի անխոչընդոտ։

Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է դրվագներով, երբ ամենաօրհասական ու ծանր պահերին անգամ սերունդ կրթելու ու դաստիարակելու սուրբ գործն իրականացվել է ամենայն պատասխանատվությամբ։

Սիրելի’ մանկավարժներ, այսօր էլ մեր ազգի ու հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է։ Դուք եք աճեցնում այն սերունդը, որը լինելու է բանիմաց, պրպտող, դժվարություններից չերկնչող, երազող ու պայքարող և որը ամուր է կանգնելու իր հայրենի հողի վրա, ինչպես նախորդ սերունդները։

Մենք հավատում ենք գիտության ուժին, գիտելիքի լույսին , դրանք սերմանողներին ու տարածողներին։ Թող այս ուսումնական տարին, ի հեճուկս բոլոր դժվարությունների, առավել մեծ ձեռքբերումներ ու արդյունքներ գրանցիՙ։

Չնայած շրջափակման հետևանքով առաջացած բազում դժվարություններին, Արցախի բոլոր կրթական հաստատություններում ավանդույթի ուժով օրն առանձնացավ տոնական շեշտերով: Պաշարման մեջ անցկացված ամառային արձակուրդից հետո բոլորն ուրախ են կրկին իրար տեսնելու համար և անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթնքներ են փոխանակվում:

Մայրաքաղաքի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը վերստին իր դռներն է բացել հարյուրավոր սաների համար: Պատմության մասնագետ Ծովինար Առստամյանը մեզ հետ  զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի մոտ եղել են դպրության  նկատմամբ հարգանքը և պատասխանատվությունը, և այսօր էլ  շարունակվում է՝ չնայած ստեղծված իրավիճակին: Նրա համոզմամբ՝ ամեն ինչ լավ կլինի, քանզի ուսուցիչը դարձյալ լծված է իր առաքելությանը՝ դաստիարակել գրասեր, գրապաշտ, հայրենապաշտ սերունդ:

Նոր ուսումնական տարվա մեկնարկը, որը համընկնում է մեր երկրի գլխավոր տոնի՝ Արցախի Հանրապետության հռչակման տարեդարձի հետ, կրթական հաստատություններում նշանավորվում է պետական դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ և օրհներգի հնչեցմամբ: Բոլորի դեմքերին այդ պահին ընդգծվում է արժանապատվության, հպարտության զգացումը, երբ պատանիները հատու քայլվածքով ներս են բերում Արցախի դրոշը: Չես կարող չհուզվել ՝ տեսնելով, թե ինչպես է փոքրիկ դպրոցականը լիաթոք ձայնակցում օրհներգին: ՚Միշտ հնչես դու, այսօր վիրավոր, սակայն, կանգուն ու անսասան Արցախումՙ,-կարդում ենք բոլորի հայացքներում:

Դպրոցի նորանշանակ տնօրեն Վահրամ Հակոբյանը շնորհավորում է բոլորին՝նշելով, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ ու ճակատագրական ռազմաքաղաքական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում հայ  ուսուցիչը, հայ ծնողը, հայ աշակերտը դարձյալ գնում են ուսման հետևից, քանզի գիտակցում են,  որ հաղթանակի հիմնաքարը  գիտելիքն է: ՚Իսկ գիտելիք ձեռք բերելու համար անհրաժեշտ է բարձր կատարողական կարգապահություն և կամքի ուժ: Այդ ամենը շարւնակում է սերմանել ուսուցիչը՚:

Միջոցառմանը ներկա՝Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ ՝ գնդապետ Կոգան Վասիլևիչը շնորհավորեց դպրոցականներին, առանձնահատուկ առաջին դասարանցիներին, ուսուցիչներին և ծնողներին՝  ուսումնական տարին սկսվելու կապակցությամբ: Նրա կողմից նաև քաղցր նվերներ էին պատրաստվել երեխաների համար:

Գեղեցիկ անակնկալ  էին պատրաստել երկրորդ դասարանցիները՝ առաջինցիներին հանդիսավոր հանձնելով ՚Այբբենարանըՙ: Միջոցառման կարևոր մաս կազմեցին հայրենասիրական կատարումնեը:

Հասնում է ամենպասված և ամենահուզումնալից պահը՝ առաջին դասարանցիները և ավարտական 9-րդցիները հնչեցնում են առաջին զանգը:

Բարի՜ և խաղաղ երթ, նոր՝ 2023-2024 ուսումնական տարի:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ