Ութ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող շատ արցախցիների նյարդերը կարծեք սկսել են տեղի տալ հերթերի պատճառով: Սկզբում դրանք բանջարեղենի ու մրգերի համար էին, անգամ՝ կտրոնային համակարգ մտցնելուց հետո: Իսկ ապրիլ ամսից ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետ դնելուց և հունիսի 15-ից Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ շարժը կասեցնելուց հետո արցախցիները հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող աղետալի հետևանքներով: Մեծ հերթեր գոյացան հատկապես կաթնամթերքի համար: Եթե խանութներից մինչ այդ հնարավոր էր սահմանափակ քանակությամբ կաթնամթերք ձեռք բերել, ապա վառելիքի սղության պատճառով խանութները զրկվեցին այն ստանալու հնարավորությունից, և բնակչության մի զգալի մասն ուղղվեց դեպի Ստեփանակերտի կաթի գործարան: Մարդիկ հերթ էին կանգնում գիշերվանից՝ ժամերով սպասելով իրենց հերթին:Դրան զուգահեռ, ալյուրի պաշարների սղության պատճառով հերթերը ձգվեցին նաև հացի փռերում. օրախնդիր դարձավ հանապազօրյա հաց ձեռք բերելը: Մարդիկ բառի բուն իմաստով մաքառում են ընտանիքին ցամաք հաց հասցնելու համար, չնայած շատ հավանական է, որ տարած հացը չի հերիքում բոլորին:
Ճշմարտությունը պահանջում է ասել, որ որոշ հացի կետերում կարողանում են պատշաճ կազմակերպել հերթերը: Հերթագրվելուց հետո, նախապես իմանալով ալյուրի առկա ծավալի մասին, մարդիկ մոտավոր հաշվարկներ են անում, անշուշտ, էլեկտրաէներգիայի գրաֆիկը հաշվի առնելով, թե երբ իրենց հերթը կհասնի, և անհարկի չեն սպասում: Իրենց իսկ կազմած գրաֆիկով գնում են տուն և վերադառնում, երբ հերթն արդեն մոտ է: Իհարկե, դա էլ ստույգ երաշխիք չէ, որ անպայման հաց կհասնի իրենց, որովհետև հաճախ է լինում, երբ հերթում կանգնածները զիջումներ են անում զինծառայողներին, հղիներին, ծերերին, երեխաներին:
Ընդհանրապես, այսօր շատ բան է պակասում Արցախի ընտանիքներում՝ ձեթից, շաքարավազից, դեղորայքից սկսած՝ մինչև քաղցրավենիք, տարրական հիգինեայի պարագաներ: Բայց սով ասելով՝ նախ և առաջ հասկանում են հացի պակասությունը:
Անցած երեսուն տարվա ընթացքում մենք մոռացել էինք, թե ինչ է հերթը: Խանութներում ամեն ինչ կար: Շուկայական տնտեսության առավելությունն այն է, որ առևտրով զբաղվող մարդը, երբ տեսնում է, որ որևէ ապրանքի նկատմամբ մեծ պահանջարկ կա, արագորեն ապահովում է այն՝ առաջին հերթին իր շահից ելնելով:
Իմ սերունդը հասակ է առել խորհրդային լավագույն ժամանակներում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիքը չէր զգացվում: Բայց դա չէր նպաստում, որ հերթեր չլինեին: Հերթը սովետական ապրելակերպի բաղկացուցիչն էր: Հենց թեկուզ հացի համար. այն ամեն պահ խանութում չկար: Ընդ որում, Ստեփանակերտում մթերային խանութները մատների վրա կարելի էր հաշվել: Երբ գնում էինք մոտակա՝ «զավադսկոյի բուդկան» և այդ պահին այնտեղ հաց չէր լինում, մեր քայլերն ուղղում էինք «դվացատնի» խանութը /այս երկուսը մինչև հիմա էլ պահպանվել են/: Երբ այնտեղ էլ չէր լինում, բարձրանում էինք «օբկոմի» հետևի խանութը, ապա՝ «Մայակ»-ը, այդտեղից էլ իջնում՝ էինք «ստադիոնի վերևի խանութը»/ներկայում՝ «Արծվաբերդ»ը և իրար կողքի մի շարք խանութներ: Եվ այդքանը՝ ոտքով, որովհետև ներքաղաքային տրանսպորտ չկար:
Այդպես նաև ջրի հերթ էինք կանգնում: Ձեռքով ջուր էինք կրում խմելու և կենցաղում օգտագործելու համար, մինչև որ եկան ավելի լավ ժամանակներ, երբ ջրածորակներ տեղադրվեցին բոլոր տներում, չնայած ջուրը բաց էր թողնվում ժամով: Չէինք նեղվում: Երբևէ չեմ լսել, որ մեծերը տրտնջան հերթերի համար, որովհետև դրանք միայն Ստեփանակերտում չէին, այլ ամբողջ խորհրդային երկրում: Մարդիկ հերթ էին կանգնում ամեն օր և ամեն ինչի համար:Դա ապրելակերպ էր: Անգամ Մոսկվայում մարդիկ ժամերով ԳՈՒՄ-ում հերթ էին կանգնում, ինչ է թե արտասահմանյան արտադրության ապրանքներ ձեռք բերեն, որոնք որպես կանոն լինում էին բարձր որակի: Բայց այնտեղ հերթը կանոնավոր էր՝ մի գծով, իսկ մեզ մոտ առանց հերթ պահող հայտնի մարդկանց միջամտության գործը գլուխ չէր գա: Ավելի ուշ, 80-ական թվականներին, արդեն առաջին անհրաժեշտության ապրանքներ էլ չկային խանութներում, անգամ՝ լուցկին, օճառը ձեռք էինք բերում կտրոնային համակարգով:
Զարմանքով էինք լսում արտասահմանյան ուղևորությունից վերադարձած զբոսաշրջիկներին, որոնք պատմում էին, որ այդ երկրում հերթեր գոյություն չունեն: Իսկ մեր՝ խորհրդային սերնդի ժամանակի մի մասն անցնում էր հերթերում: Բայց չնայած դրան, մարդիկ ամեն ինչ հասցնում էին: Ե՛վ գործի էին գնում, և՛ ընտանիքի հոգսը քաշում, գիրք կարդում, կինո ու թատրոն գնում, որովհետև հոգեպես հանգիստ էին, մտածում էին, որ աստիճանաբար կյանքն ավելի բարեկեցիկ է դառնալու, իրենց երեխաներն ապրելու են կոմունիզմի դարաշրջանում: Տոնական սեղանների շուրջ մեծերի կողմից առաջին կենացը խաղաղության համար էին խմում, ինչը մեզ համար պարզապես հերթապահ խոսք էր հնչում, որովհետև պատերազմը մեզնից հեռու, մեզ չանհանգստացնող մի երևույթ էր:
Հաճախ կարելի է լսել, որ մարդիկ հիմա շատ են փոխվել, առաջվանը չեն, մարդկայնությունը կորցրել են: Ոչ, մենք դարձյալ, ինչպես երջանկահիշատակ Սոս Սարգսյանը կասեր՝ հայի բարձր տեսակն ենք, պարզապես դարձել ենք դառնացած ժողովուրդ. 2020թ. աշնանային պատերազմում ունեցած մեր պարտությունը, մարդկային այդքան կորուստները, հումանիտար աղետը հոգեկան խաղաղությունից զրկել են մարդկանց: Այդուհանդերձ, մեր լավագույն գենի մեկ տոկոսն էլ բավական է, որպեսզի նորից ոգի առնենք: Դա մենք տեսնում ենք դարձյալ հերթերում, երբ երեխային, երեխամորը, հղի կնոջը, հաշմանդամին առաջ ենք մղում, որ հերթից դուրս վերցնեն ապրանքը, երբ վիճաբանության մեջ զայրացած կնոջ այն խոսքին, թե ճիշտ են արել նրանք, ովքեր հեռացել են Արցախից և հիմա ապահով կյանք են վարում, մեկ ուրիշ կին արժանապատվորեն սաստում է. «Ի՜նչ ես խոսում, մենք մեզ ավելի ապահով ենք զգում հայրենի հողում, որովհետև մեր տանն ենք»:
Մաքառենք և հուսանք:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ